Կրթամշակութային հաստատությունների նորոգման ծավալները կավելանան
18:33 - 17 դեկտեմբերի, 2020

Կրթամշակութային հաստատությունների նորոգման ծավալները կավելանան

ՀՀ կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում որոշվել է 171 մլն 590,5 հազար դրամ գումար հատկացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄ նախարարությունը:

 

Նախարարության 2020 թվականի պետական բյուջեի տնտեսումների վերաբաշխման հաշվին կկատարվեն կապիտալ բնույթի մի շարք աշխատանքներ: Մասնավորապես նախատեսվում են «Երևանի պարարվեստի պետական քոլեջի» պարասրահի հատակի հիմնանորոգում, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում: Հատկացման շրջանակում նախատեսվում է նաև «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի» վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, որով կվերակառուցվեն ստորգետնյա 5 պահոցները, 2 միջանցքները, հորիզոնական և թեք թունելների աստիճանավանդակներն ու օժանդակ այլ տարածքներ:

Մատենադարանի նշված ստորգետնյա հատվածները գտնվում են գերխոնավ միջավայրում՝ գրունտային ջրերի հարևանությամբ: Հորիզոնական և թեք թունելներում անհրաժեշտ է ջրամեկուսացնել և ամրացնել սեյսմիկ կարերը, հատակի վրա ապահովել տեղափոխմանն ու պահպանմանը հարմարեցված սալահատակ, իրականացնել ընդհանուր նորոգման աշխատանքներ, տեղադրել մեխանիկական և էլեկտրական քարշակ մեխանիզմներ:

Նախատեսվում են նաև «Կամերային երաժշտության ազգային կենտրոնի» ջեռուցման արտաքին համակարգի հիմնանորոգում, «Երևանի թիվ 195 ավագ դպրոցի» վերանորոգում, ինչպես նաև մի շարք հուշարձանների վերականգնման/վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն:

Որոշվել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում գտնվող՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներ» մոնումենտալ քանդակի վերականգնման աշխատանքների գնման ընթացակարգը սահմանել մեկ անձից` հիմք ընդունելով քանդակագործի դստեր` Է. Բեջանյանի՝ քանդակագործ Ռ. Մանուկյանին տրամադրված հեղինակային իրավունքի լիազորագիրը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել