ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է թատրոնների տնօրեններին
19:20 - 17 դեկտեմբերի, 2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է թատրոնների տնօրեններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ներկայացրել է տնօրեններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: 

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում սա մշակութային գործիչների հետ առաջին հանդիպումն է:

Տնօրեններին ներկայացնելիս նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հատկանշական է համարել համավարակի և պատերազմական իրավիճակի պայմաններում թատրոնների նպատակային ակտիվ գործունեությունը և շնորհակալություն հայտնել գործընկերներին:

 

«Այս իրավիճակում մեզնից յուրաքանչյուրը կարիք ունի նոր գաղափարական և հոգևոր արժեքների, մեր խնդիրն է վերաիմաստավորել անցյալը, ներկան, հասկանալ՝ ինչ ենք ուզում և ինչ ճանապարհով պետք է հասնենք մեր նպատակին: Ամեն ինչ պետք է անենք՝ զարգացնելու մեր հոգևոր-մշակութային դաշտը. սա պայքարի ձեր ճակատն է, որն անչափ կարևոր է մեր իրականության համար»,- ընդգծել է նախարար Վ. Դումանյանն ու ցանկացած խնդիր քննարկելու և լուծման ուղիներ փնտրելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ թատրոնների տեխնիկական հագեցվածության, շինարարական, ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների, նախատեսված ծրագրերի, հետպատերազմյան շրջանում ոլորտի խնդիրների հաղթահարման միջոցառումների և այլնի վերաբերյալ:

Տնօրենները հակիրճ ներկայացրել են իրենց առաջարկները, ապագային ուղղված տեսլականը: Նրանց խոսքով՝ հենց առկա իրավիճակում մարդիկ կարծես առավել շատ կարիք ունեն մշակութային միջոցառումների և հոգևոր պահանջմունքների բավարարման: Թատրոնների գործունեությունն այժմ առավելապես ուղղված է զոհված զինծառայողների երեխաների և Հայաստանում ապաստանած արցախցի փոքրիկների ժամանցն ու մշակութային կյանքը կազմակերպելուն:

Հանդիպման ավարտին նախարարը վստահություն է հայտնել, որ միասնական ուժերով կհաղթահարեն առկա դժվարությունները, և խաղաղ պայմաններում արվեստի գործիչները ստեղծագործական աշխատանքի առավել լայն հնարավորություն կունենան: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել