Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է բնապահպանների հետ և քննարկել առկա կարևորագույն խնդիրները
19:20 - 18 դեկտեմբերի, 2020

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է բնապահպանների հետ և քննարկել առկա կարևորագույն խնդիրները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը բնապահպանների հետ հանդիպման ժամանակ կարևորեց ոլորտում ծառացած խնդիրների լուծումները:

Հանդիպման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան վերջին պատերազմում ընկածների հիշատակը:

«Հանդիպման բուն նպատակն է ոչ ֆորմալ միջավայրում քննարկել ոլորտի օրակարգային հարցերը: Պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել բնապահպանության ոլորտում առկա խնդիրներին»,- նշեց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այն բոլոր հարցերը, որոնք կբարձրաձայնվեն և դուրս մնացած կլինեն իր տեսադաշտից, անպայման կառնեն իրենց ուշադրության տակ:

«Էկոնյուզ» բնապահպանական-տեղեկատվական կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Տաշչյանը ներկայացնելով իր զեկույցն ասաց, որ ամենաառաջնային խնդիրներից է հասարակության գիտակցության բարձրացումը:

«Կարծում եմ, որ ոլորտի բոլոր խնդիրներն առաջանում են հասարակության գիտակցության ցածր  մակարդակից: Այս փուլում պետք է խիստ մոտեցումներ և խիստ արգելքներ սահմանել ու իրականացնել դրանք: Այս ամենի հետ մեկտեղ պետք է լայն տեղեկատվական աշխատանքներ իրականացնել, որպեսզի հասարակությունն էլ տեղեկացված լինի»,- նշեց Մարիամ Տաշչյանը: 

«Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նելլի Դռնոյանն էլ խոսելով Սևանա լճի խնդիրների մասին՝ ասաց, որ դրանք առաջին հերթին առաջացել են Սոթքի հանքի բաց շահագործման արդյունքում:

«Այն վատ ազդեցություն է ունենում լճի էկոհամակարգի վրա: Անհրաժեշտ է անցնել փակ շահագործման: Այս դեպքում ֆոսֆորով հարստացած կերերը լցվում են Սևանա լիճ: Բացասական ազդեցություն են թողնում նաև ցանցավանդակները, որոնք վնասում են լճի ջրերը»,- ընդգծեց Դռնոյանը:

Նա շեշտեց, որ Սևանի ջրում հայտնված մուտացիայի ենթարկված ձկների հայտնվելու արդյունքը քիմիական նյութերն են՝ ծանր մետաղները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել