Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի է ձերբակալվել. նա դատարանի որոշմամբ ազատ կարձակվի |news.am|
17:32 - 22 դեկտեմբերի, 2020

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի է ձերբակալվել. նա դատարանի որոշմամբ ազատ կարձակվի |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի եւ ոչ իրավաչափ ճանաչեց. նա ազատ կարձակվի։

Նրա պաշտպաններից Արմեն Մելքոնյանը լրագրողներին հայտնեց, որ այս պահին իրենք գնում են Ձերբակալվածների պահման վայր՝ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու գործընթացի համար։

Արմեն Մելքոնյանը նշեց, որ Առուշանյանին առնչվող մյուս քրեական գործով էլ վերջինս ունի վկայի կարգավիճակ։

«Այդ որոշումները կայացնելուց առաջ մտածեն՝ ում հանդեպ, ինչ որոշում են կայացնում։ Եթե այս ապօրինի ձերբակալման նման, ապօրինի մեղադրյալ ներգրավվելու որոշումներ կայացվի, խափանման միջոց տրվի ապօրինի, դրանով մի խնդիր են լուծելու՝ թուրքի ջրաղացին ջուր են լցնելու։ Առուշանյանն օդի, ջրի նման Գորիս համայնքին անհրաժեշտ է։ Պատկերացրեք խրամատի զինվորների ոգեւորությունը, որ իմացել են՝ Առուշանյանն ազատ է արձակվել եւ հասնելու է իրենց»,- նշեց պաշտպանը։

Նշենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը նախաքննական մարմնի որոշմամբ միացվել են մեկ վարույթում։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 04։30-ի սահմաններում բերման էր ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որի մասին մի քանի ժամ էր՝ փաստաբանները տեղեկություն չունեին, հայտնի չէր անգամ, թե ինչ քրեական գործով եւ ինչ կարգավիճակով է քաղաքապետը բերման ենթարկվել։

Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Առուշանյանը Երեւանի քննչական կոմիտեում է եւ հարցաքննվում է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Նշենք, որ այսօր նրա ձերբակալման որոշման իրավաչափության դեմ բողոքի մասին դատական նիստն էր։

Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաեւ Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը:

Այդ առնչությամբ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնել էր, որ նախաքննական մարմինը փորձում է մի քանի քրեական գործեր միավորել մեկ վարույթում, որ Առուշանյանին ծանր հոդվածների մեղադրանքով կալանավորելու միջնորդություն ներկայացնեն դատարան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել