Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ
10:05 - 23 դեկտեմբերի, 2020

Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. 

«2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի քաղաքային խորհրդի նիստ, քաղաքապետը քաղաքային խորհրդին ներկայացնում է հետևյալը.

Առողջապահական, տնտեսական և սոցիալական աննախադեպ ճգնաժամի առջև կանգնած աշխարհը 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ քսանհինգ տարվա ապարդյուն դիվանագիտական ջանքերից հետո, ականատես եղավ Արցախի տարածքում հակամարտության կտրուկ վերսկսմանը: Թուրքական և ջիհադիստական ուժերի աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակի և արյան հեղեղ թափվեց այս տարածքի վրա, որը հանդիսանում է քրիստոնեության բնօրրանը, պատմական Հայաստանի արևելյան հատվածի մի մասը և հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով:

Մի կողմից հայերի և մյուս կողմից ադրբեջանցիների, թուրքերի և ջիհադիստների միջև վեց շաբաթ տևած անխնա բախումներից հետո Երևանը ստիպված եղավ համաձայնվել ստորագրել 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը Ռուսաստանի միջնորդությամբ: Այնուամենայնիվ, խնդրին լուծում չի տրվել:

Ինչպես այդ մասին խոստովանել է նաև Ֆրանսիան, համաձայնագիրը ոչ մի կերպ չի լուծում Արցախի կարգավիճակի հարցը: Մարտերից փախած 120 000 հայ փախստականներին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ իրենց տներ: Թուրքիայի կողմից ուղարկված սիրիացի 2000 վարձկանները պետք է անհապաղ լքեն տարածաշրջանը: Բացի այդ, հարցականներ են մնում Հայաստանի տարածքային ամբողջականության և պետության ինքնիշխանության վերաբերյալ` պայմանավորված Ադրբեջանին և Նախիջևանի ինքնավար մարզին կապող ճանապարհային միջանցքով:

Աշխարհի բոլոր հայերի համար նման ագրեսիայի դրսևորումները, քաղաքացիական խաղաղ բնակչության թիրախավորումը, էթնիկ և կրոնական զտումների իրականացումը արթնացնում են 1915 թ.-ի ցեղասպանության սարսափելի հուշերը:

1920-ական թվականներին Իսի-լե-Մուլինո քաղաքն իր դռները բացեց բազմաթիվ հայ փախստականների առջև և այդպիսով ստեղծվեց Իլ-դը-Ֆրանսում ամենամեծ համայնքներից մեկը: Հետևաբար, Իսի-լե-Մուլինոյի ինքնությունն ու պատմությունը մեկ դար շարունակ անքակտելի են եղել հայոց հարցից: Իսի-լե-Մուլինոյի ներկան և ապագան միշտ կապված են Հայաստանի հետ, ինչի մասին վկայում են, մասնավորապես, բարեկական հարաբերությունները և համագործակցության ծրագրերը, որոնք ավելի քան 30 տարի կապում են Իսի-լե-Մուլինոն իր հայկական քույր քաղաք Էջմիածնի հետ:

Հետևաբար, անսասանորեն հավատարիմ իր արժեքներին՝ ժողովրդավարությանը, համերաշխությանը, պատասխանատվության ոգուն, և առերեսվելով 1915 թ.-ի ցեղասպանության պատասխանատու և, միևնույն ժամանակ, դա մինչ օրս ժխտող Թուրքիայի ակտիվացմանը Կովկասում, Իսի-լե-Մուլինոյի քաղաքային իշխանությունները հրավիրում են կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Արցախի ճանաչումը նպատակ ունի հաստատել կայուն խաղաղություն, քանզի այլևս տապալվել է Ֆրանսիայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի պաշտպանած անկողմնակալության պահանջը:

Սենատը դա լավ հասկացավ, քանի որ սույն թվականի նոյեմբերի 25-ին դարձավ առաջին արևմտյան խորհրդարանական մարմինը, որը ճանաչեց ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը: Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը նաև կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը տրամադրել զանգվածային մարդասիրական օգնություն, պահանջել միջազգային հետաքննության իրականացում պատերազմական հանցագործությունների վերաբերյալ և հաստատում է տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունը:

Այս ամենից ելնելով, որպեսզի Արցախի և Հայաստանի հայերը ազատ ու խաղաղ ապրեն իրենց պապենական հողերում, Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը կոչ է անում, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝որպես իր բնակչության անվտանգություն և տարածաշրջանային ու միջազգային կայունության երաշխիք:

Քաղաքային խորհուրդը, հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգիրքը և, մասնավորապես, Լ. 2121-29 հոդվածը, հիմք ընդունելով քաղաքային խորհրդի ներքին կանոնակարգը և, մասնավորապես, 9-րդ հոդվածը, սույն զեկույցը լսելուց և սյն քննարկելուց հետո, ընդունում է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) ճանաչման բանաձև, որոշում է ծանուցել սույն բանաձևի մասին․

- Էջմիածնի քաղաքապետ տիկին Դիանա Գասպարյանին,
- Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին,
- Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահներ պարոնայք Արա Թորանյան և Մուրադ Փափազյանին,
- Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ պրն Հովհաննես Գևորգյանին,
- Ֆրանսիայում Հայաստանի դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանին,
- Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պրն Ջոնաթան Լաքոթին»:
 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել