ԱԱՏՄ-ն գործարկում է աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումների ընդունման համակարգ
10:17 - 23 դեկտեմբերի, 2020

ԱԱՏՄ-ն գործարկում է աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումների ընդունման համակարգ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կյանքի է կոչում աշխատանքային իրավունքի պաշտպանության եզակի գործիք: ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ  կայացել է աշխատողների կողմից սեփական իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումների գրանցման, ընդունման, քննման  EmployeeProtect.am համակարգի շնորհանդեսը։  Նորարական տեղեկատվական կայքը՝ ժամանակակից ծրագրային լուծումներով է, հասանելի՝ համակարգչով եւ բջջայինով, ոճով և կառուցվածքով՝ պարզ և հասանելի։ EmployeeProtect.am առցանց հարթակին դիմում, բողոք, առաջարկ, ահազանգ ներկայացրած անձի գաղտնիությունը պահպանվում է՝ թաքցնելով իր IP հասցեն։

«Եթե Դուք աշխատող եք, և գործատուն խախտել է Ձեր աշխատանքային իրավունքները, ապա սա բացառիկ հնարավորություն է դեպքի վերաբերյալ ներկայացնել  գաղտնի հաղորդում: Աշխատանքային իրավունքների խախտման խնդրի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է կցել ֆոտոներ, տեսա- եւ ձայնագրություններ։ Հայտատուն հայտը ներկայացնելուց հետո  ստանում է ծածկագիր՝ հետեւելու հայտի ընթացքին։ 4 քայլ հարթակում, եւ Ձեր խնդիրը լսելի կլինի»,-ասված է հաղորդագրությունում։

ԱԱՏՄ նախագիծը կյանքի է կոչվում ամիսների երկար քննարկումների արդյունքում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի տեխնիկական աջակցությամբ։

Աշխատողների իրավունքների պաշտպանության EmployeeProtect.am առցանց հարթակի հիմնական նպատակն է՝ ուժեղացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգը: Սա նաեւ աշխատանքային ոլորտում օրենսդրական փոփոխություններին տեղյակ լինելու հնարավորություն է։

EmployeeProtect.am-ն աշխատանքային ոլորտում ծագած խնդիրներին կամ առերևույթ իրավախախտումներին արագ արձագանքելու և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված առցանց հարթակ է, որտեղ կարելի է դիմում-հայտ ներկայացնել։ Հայտ կարող է ներկայացնել ամեն անձ, այդ թվում` պետական և մասնավոր ընկերությունների աշխատողներ, որոնք աշխատանքային ոլորտում առնչվել են խնդիրների ՀՀ-ում:

 Հարթակը կգործարկվի հունվարի սկզբին։ Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ՄԱԿ-ի ԶԾ ղեկավար Մարինե Մալխասյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱԱՏՄ աշխատակիցներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել