100-ից ավել հադրութցիների տրամադրվել է ժամանակավոր կացարան «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ
11:55 - 23 դեկտեմբերի, 2020

100-ից ավել հադրութցիների տրամադրվել է ժամանակավոր կացարան «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ 100-ից ավել հադրութցիների տրամադրվել է ժամանակավոր կացարան: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» հիմնադրամը։

«Պատերազմի հետևանքով բազմաթիվ արցախցիներ մնացին անտուն՝ թշնամուն թողնելով իրենց ողջ գույքն ու տարիների ստեղծածը: Տեղահանված արցախցիներից շատերը շարունակում են մնալ Հայաստանում՝ ապաստանելով տարբեր ժամանակավոր կացարաններում, հյուրատներում և հյուրանոցներում։

Հիմնադրամը հանձն է առել Հադրութցի ընտանիքների կեցության և սննդի կարիքների լուծումը. 100–ից ավել արցախցիներ ժամանակավորապես բնակություն են հաստատել տարբեր հյուրանոցներում՝ հույս ունենալով, որ շուտով բոլոր դժվարություններն անցյալում կմնան:

Ի դեպ, օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը այցելել էր Արցախ և հանդիպել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Քննարկվել են համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները:

«Հիմնադրամը կփորձի ֆինանսավորել պատերազմի հետևանքով տուժած տների ու բնակարանների վերանորոգումը: Այս ծրագրի իրականացման համար Հիմնադրամը շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի»,– ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Համահայկական Հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ նպաստելով Հայաստանի և Արցախի փոխկապակցված զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել