Ադրբեջանի ԶՈՒ-երի հանցանքների մասին ՀՀ ՄԻՊ-ը հաղորդումներ է ուղարկել ընդհանուր իրավազորությամբ երկրների դատախազություններ, ոստիկանություններ. սա Օմբուդսմանի կողմից նման հաղորդում անելու 1-ին փորձն է
16:39 - 28 դեկտեմբերի, 2020

Ադրբեջանի ԶՈՒ-երի հանցանքների մասին ՀՀ ՄԻՊ-ը հաղորդումներ է ուղարկել ընդհանուր իրավազորությամբ երկրների դատախազություններ, ոստիկանություններ. սա Օմբուդսմանի կողմից նման հաղորդում անելու 1-ին փորձն է

Իմ ստորագրությամբ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել այն պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդանուր իրավազորություն (general jurisdiction): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այդ հաղորդումները վերաբերում են ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելուն, այդ թվում` գլխատումներին, անմարդկային վերաբերմունքին, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին, մարմնի մասեր կտրելուն և այլն:

Հաղորդումների հետ միասին այդ երկրների իրավապահ մարմիններին է ներկայացվել օբյեկտիվ բնույթի 223 ապացույց՝ տեսանյութեր ու լուսանկարներ, այդ ապացույցների մանրամասն վերլուծություններ:

103 տեսանյութ ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվել, և թարգմանություներն ենթագրերով տեղադրվել են տեսանյութերում, տեսանյութերում արվել են հնարավոր բոլոր իդենտիֆիկացումները: Տեսանյութերն ամրագրվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լոգոյով՝ ի նշան տեղեկությունների հավաստիության:

Իրավական ամրագրում է ստացել  և վերլուծվել 120 լուսանկար, այդ թվում՝ նրանք, որոնք վերաբերում են ադրբեջանցի զինվորականների կողմից մեր ռազմագերիների սոցիալական ցանցերն ապօրինի մուտք գործելուն ու դրանք ապօրինի կառավարելուն:

 Հաղորդումների մեջ ներառվել են հետևյալ հիմնական հարցերը.

1) քաղաքացիական անձանց, բանտարկյալների ու վիրավորների կանխամտածված սպանություն,

2) ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք,

3) զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք,

4)  ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում.

5) քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում.

6) հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարում ադրբեջանցի զինվորականների կողմից:

Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա: Որքան հասկանում եմ, Օմբուդսմանի կողմից նման հաղորդում ներկայացնելն առաջին փորձն է երբևէ:

Այս հսկայածավալ աշխատանքը կատարվել է մեր աշխատակազմի ու փորձագետների ջանքերով:

Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկեր Գուրգեն Պետրոսյանին՝ աջակցության համար»,- գրել է Թաթոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել