ՌԴ կարող են մուտք գործել անհետաձգելի բուժման նպատակով մեկնող ՀՀ քաղաքացիները
21:27 - 28 դեկտեմբերի, 2020

ՌԴ կարող են մուտք գործել անհետաձգելի բուժման նպատակով մեկնող ՀՀ քաղաքացիները

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրավիրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուշադրությունը՝ մանրամասներ ներկայացնելով, թե ովքեր կարող են բուժման նպատակով մուտք գործել ՌԴ:

Ելնելով վերջին շրջանում արձանագրված մի շարք դեպքերից՝ կապված այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր ներկայիս արգելքների պահպանման պայմաններում բուժման նպատակով մեկնում են ՌԴ և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով բախվում են տարաբնույթ խնդիրների, անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը․

Բուժման նպատակով ՌԴ կարող են մուտք գործել բացառապես այն ՀՀ քաղաքացիները, ովքեր, ելնելով առողջական վիճակից, պետական լիցենզավորում ունեցող ռուսաստանյան բուժհաստատություններում պետք է անցնեն անհետաձգելի բուժում:

Նշված քաղաքացիներն օդանավակայանում պարտադիր պետք է ներկայացնեն բուժհաստատության կողմից տրված համապատասխան հրավեր-փաստաթուղթը, որը կպարունակի քաղաքացու տվյալները, բուժման անհետաձգելիության վերաբերյալ տեղեկատվությունն ու ժամկետները:

Նշյալ հրավերները պետք է լինեն համապատասխան կարգով հաստատված բուժհաստատության կողմից և գրանցված տվյալների առցանց ռեգիստրում/բազայում:

Չհամապատասխանող փաստաթղթերը կարող են ճանաչվել որպես ոչ բավարար հիմք՝ երկիր մուտք գործելու համար։ Նշենք նաև, որ ցանկացած փաստաթուղթ ենթակա է հավելյալ ստուգման օդանվակայանի սահմանապահների կողմից։

Տարաբնույթ խնդիրներից խուսափելու նպատակով հորդորում ենք մեր քաղաքացիներին դրսևորել առավելագույն պատասխանատվություն նշյալ հարցերում, խստիվ հետևել պահանջվող փաստաթղթերի ձևակերպման և գրանցման կարգին, մինչև մեկնումը նախապես ունենալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու համոզվել դրանց իսկության,համապատասխանելիության մեջ»,- գրված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել