Հանձնարարականներ Սյունիքում այլընտրանքային ճանապարհների հետ կապված. Պապիկյանն ամփոփում է տարին |armenpress.am|
09:23 - 30 դեկտեմբերի, 2020

Հանձնարարականներ Սյունիքում այլընտրանքային ճանապարհների հետ կապված. Պապիկյանն ամփոփում է տարին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ընթացիկ տարում միայն պետական միջոցներով հանրապետական, միջպետական, համայնքային նշանակության շուրջ 400 կմ ճանապարհ է կառուցվել: Դրան գումարած ևս 150 կմ ճանապարհահատված հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով: Ընդհանուր 550 կմ ճանապարհահատված է հիմնանորոգվել: 

Սյունիքում նոր ճանապարհների անհրաժեշտության, զբոսաշրջային ուղիների բարեկարգման, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պայմանավորված Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի գործարկման ժամկետների և այլ հրատապ հարցերի շուրջ հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

-Պարոն Պապիկյան, մինչ տարվա ճանապարհաշինարարական աշխատանքներն ամփոփելը, կխնդրեմ անդրադառնանք Սյունիքում ստեղծված իրավիճակին: Նոր իրողություններով պայմանավորված, մի շարք համայնքներում, անվտանգությունից ելնելով շրջանցիկ ճանապարհների անհրաժեշտություն է առաջացել: Նախարարությունն արդյո՞ք ուսումնասիրել է խնդիրը, եթե այո, ապա ի՞նչ պատկեր ունենք:

-Այսօր շատ կարևոր է Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ ունենալը: Գործող ճանապարհների այն հատվածները, որոնք դուրս են մնում Հայաստանի տարածքից, այլընտրանքային ուղիների անհրաժեշտություն ունեն: Ժամանակին ռելիեֆով պայմանավորված օգտագործվել են ավելի հարմար հատվածները և ճանապարհն այդ սկզբունքով է կառուցվել: Նաև խորհրդային տարիներին երկու հանրապետությունների տարածքներով անցնելու խնդիր չի եղել: Միգուցե դրանով պայմանավորված են այդպես կառուցել կամ գուցե եղել է Խորհրդային Միության քաղաքականությունը:

Ասեմ, որ Սյունիքի մարզպետի միջնորդությամբ, առաջարկությամբ, անցկացրել ենք քննարկումներ և որոշում ենք ընդունել վերակառուցել Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը: Սա Կապան տանող այլընտրանքային ճանապարհ է, որի շինարարական աշխատանքները 2020 թվականին 12.5 կմ հատվածի վրա կատարվել են: Մինչ այդ՝ դեռ 2016 թվականին, մեկնարկել էր ու 2018-ին ավարտվել էր ևս 6 կմ ճանապարհի շինարարական աշխատանք: Մեր իշխանության շրջանում կառուցվել է 6 կմ, գումարած 12.5 կմ հատված: Ճանապարհի զբոսաշրջային հատվածի որոշումն ընդունվել է մեզնից առաջ, մենք դրա շարունակականությունն ենք ապահովել: Այս տարի, ինչպես նշեցի, մենք կառուցել ենք 12.5 կմ հատվածը, որը Տաթև- Աղվանի ճանապարհահատվածն է և Տաթև-Կապան ճանապարհի ընդամենը մի կտորն է: Մնացածի մասով, շուրջ 21 կմ հատվածի աշխատանքները կարվեն արդեն 2021 թվականին: Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ մենք նախագծային աշխատանքներ կատարելիս որոշակի փոփոխություններ ենք կատարում նաև չափորոշիչների մեջ, որպեսզի ճանապարհի կարգը, լայնքը վերանայվի: Այնպիսի ճանապարհ լինի, որ անհրաժեշտության դեպքում կարողանան անցնել բեռնատար ավտոմեքենաները:

-Ո՞ր այլ ուղղություններով են ճանապարհների հետ կապված խնդիրներ առաջացել և ի՞նչ լուծումներ եք առաջարկում: Օրինակ, Կապան համայնքի ղեկավարը որպես խնդրահարույց առանձնացրել էր Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ  ուղղությունները:

-Ներկա պայմաններում առաջացել են խնդիրներ Գորիս-Կապան ուղղությամբ, այնտեղ 5 հատված կա, որտեղ ճանապարհը մուտք է գործում հարևան երկրի տարածք և կրկին մտնում Հայաստանի տարածք: Ես նշեցի, որ դա պայմանավորված է եղել նաև ռելիեֆով: Այս ուղղությամբ արդեն հանձնարարական կա, որ այս ճանապարհի երկայնքով նույնպես հնարավոր այլընտրանքային հատվածներ գտնվի, որպեսզի ամբողջ ճանապարհահատվածն անցկացնենք Հայաստանի Հանրապետության տարածքով: Սա մի քիչ բարդ է, որովհետև ունենք դժվարանցանելի հատվածներ: Չեմ բացառում, որ անհրաժեշտություն ունենանք թունելային լուծումների: Խնդիր կա նաև Կապան-Ագարակ ճանապարհահատվածում: Այս ուղղությամբ կա այլընտրանքային ճանապարհ, որը գրունտային է: Հիմա իմ կողմից կա հանձնարարական նախագծման աշխատանքներ սկսել ու ճանապարհը վերակառուցել: Չնայած անցանելիությունն ապահովվում է, գյուղ հասնելու խնդիր չկա, բայց մենք ամեն ինչ կանենք, որ 2021-ին հնարավոր լինի անցնել ասֆալտապատ ճանապարհով:

Ինչ վերաբերում է Կապան-Ճակատեն հատվածին, ապա այն վերահսկվում է ռուս սահմանապահների կողմից, ինչպես Գորիս-Կապանի 21 կմ հատվածը: Այս փուլում այնտեղ անցանելիության խնդիր չկա:

-Անդրադառնալով պատերազմի դադարեցման նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ճանապարհների ապաշրջափակման կետին, արդյոք սահմանվա՞ծ են ժամկետներ՝ գործարկելու այն ճանապարհը, որը պետք է հնարավորություն տա Ադրբեջանին Հայաստանի տարածքով կապ ունենալ Նախիջևանի հետ:

-Որևէ ժամկետ չկա: Այդ փաստաթղթում կա կետ ընդհանուր ճանապարհների ապաշրջափակման մասին: Հարցին ուղղակի կիսատ ենք նայում: Կա այդ կետը, որ թույլ է տրվելու Նախիջևանից Ադրբեջան անցումը, որևէ հատված նշված չէ, որևէ պայմանավորվածություն չկա, այդ թվում ժամկետների մասով: Դա ընթացքում պետք է քննարկվի և հասկանանք: Որևէ կետ առաջնային չէ, որևէ կետ երկրորդական չէ, մեկը մյուսից բխող բաներ են: Քննարկում է նաև երկաթգծերի ապաշրջափակման հարցը, մասնավորապես Նախիջևանով դեպի Իրան երկաթգիծ ունենալու հարցը:

-Եթե խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, ըստ ձեզ, տրամաբանակա՞ն է արդյոք՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհի փակումը. հնարավո՞ր է քաղաքական գործընթացների կարգավորումից հետո նաև այս ճանապարհի գործարկման հարց առաջանա:

-Ես չեմ կարող մոտավոր հայտարարություն անել, ամեն ինչ հնարավոր է, որովհետև եթե մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, ապա դա ենթադրում է, որ կաշխատեն Ադրբեջանի հետ կապող ճանապարհները: Հիմա, թե որ փուլում, հանրային ընկալումների ինչ մթնոլորտում… ու նաև հետագա զարգացումներն են ամեն ինչ ցույց տալու: Փաստ է, որ այդ հայտարարությունը կա, և դրանից պետք է բխեն գործողություններ: Ու նաև կա երրորդ կողմ, որն այդ հայտարարությունների իրականացման երաշխավորն է: Մեր ռուս գործընկերները շահագրիռ և գործուն աջակցում են, որ կարողանանք այդ հայտարարությունը բոլոր ասպեկտներով կյանքի կոչել:

-Անդրադառնանք ճանապարհաշինարարական աշխատանքներին տարվա կտրվածքով: Որքա՞ն երկարությամբ ճանապարհահատված և քանի տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանք իրականացվեց:

-Այս տարի հանրապետական, միջպետական, համայնքային նշանակության շուրջ 400 կմ ճանապարհ կառուցվել է միայն պետական միջոցներով: Դրան գումարած ևս 150 կմ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, ընդհանուր 550 կմ ճանապարհահատվածի մասին է խոսքը: Սա մեր կատարած աշխատանքի միայն մի հատվածն է: Ես խոսում եմ ավարտված աշխատանքների մասին, հաշվի առնելով, որ մենք ունենք նաև անավարտ և մյուս տարվան փոխանցվող աշխատանքներ, նկատի ունեմ, մոտ 150 կմ ճանապարհահատված: Խոսքը վերաբերում է կենսական նշանակության վարկային միջոցներին, Մ6 Վանաձոր- Ալավերդի ճանապարհի այն հատվածին, որը դեռ չի ավարտվել, և պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքների չավարտված հատվածներին:

-Ինչպիսի՞ն էր ընդհանրապես տարին այս տեսանկյունից: Համավարակով կամ պատերազմով պայմանավորված, արդյո՞ք եղել են  ճանապարհաշինարարական ծրագրեր, որոնք դադարեցվել են:

- Ոչ, որևէ ծրագիր չի դադարեցվել: Տարին բավական բարդ էր ու ծանր՝ պայմանավորված թե համավարակով, թե պատերազմով: Պատերազմի ընթացքում տեխնիկայի մի զգալի հատված օգտագործվել է թե թիկունքում, թե ռազմաճակատում՝ անհրաժեշտություններից ելնելով: Աշխատողներից շատերը զորակոչվել են բանակ: Բազմաթիվ խոչընդոտներ եղել են, բայց գոնե ներքին ֆինանսական ռեսուրսների օգտագործման մեջ մենք արել ենք ամեն ինչ, որ կարողանանք հնարավորիս արդյունավետ ու լավ աշխատել: Արդյունքը կա, փաստ է, որ մենք կարողացել ենք ապահովել որոշակի ցուցանիշներ: Ասել, որ դժգոհ եմ, դատելով տարուց, չեմ կարող, որովհետև մեր աշխատակազմը բավական լավ է աշխատել, կարծում եմ, որ կարողացել ենք բավարար չափով մեր առջև դրած խնդիրը լուծել:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել