Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մաս Ադրբեջանին չի անցնի․ շրջանառվում է մի քանի անգամ հերքված տեղեկություն
16:05 - 08 հունվարի, 2021

Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մաս Ադրբեջանին չի անցնի․ շրջանառվում է մի քանի անգամ հերքված տեղեկություն

Երեկ՝ նոյեմբերի 7-ին համացանցում կրկին շրջանառվում էին լուրեր Տավուշի մարզի 5 գյուղի եւ կարեւոր ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին։ Այս անգամ նման բովանդակությամբ նյութ էր հրապարակել Pastinfo.am լրատվական կայքը։  Նյութը վերահրապարակել էին նաև մի քանի այլ լրատվական կայքեր, այդ թվում՝ 7or.am, mamul.am, bavnews.am։

Ոսկեպար համայնքի ղեկավար Սուրեն Մախսուդյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պնդել էր, որ դրանք ընդամենը խոսակցություններ են․ «Ընդամենը ժողովրդի մեջ խոսակցություններ են ու ոչ մի լուրջ բան չկա․․․ Այս պահին ոչ մի տարածք ոչ մեկին չունենք զիջելու, ապրում ենք մեր գյուղում, մնացած գուշակությունները չեմ կարող անել»։ 

Չնայած այն հանգամանքին, որ Ոսկեպարի ղեկավարն ասել է՝ ոչ մի լուրջ բան չկա, եւ ոչ մի տարածք չի հանձնվելու Ադրբեջանին, այնուամենայնիվ «Փաստինֆոն» նյութի վերնագրում նշել է, թե Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մասը Ադրբեջանի հսկողության տակ կանցնի։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Infocom-ի հետ զրույցում տարածվող տեղեկություններն անվանեց ապատեղեկատվություն։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պարբերաբար լուրեր են շրջանառվում Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ զիջելու, ապա՝ դրանց հերքման վերաբերյալ։ Նոյեմբերի 10-ին վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր Տավուշի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները, ավելի ուշ՝  նոյեմբերի 27-ին էլ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էր հերքել այս՝ նորից շրջանառվող տեղեկությունները։ Տավուշի մարզի գյուղերին վերաբերող տեղեկություններ հերքել է նաեւ Պաշտպանության նախարարությունը։

 

Ինչու՞ է ժամանակ առ ժամանակ Տավուշի գյուղերի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու վերաբերյալ լուրեր շրջանառվում։

Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո համացանցում լուրեր տարածվեցին, թե մինչեւ նոյեմբերի 20-ը պետք է Ադրբեջանին հանձնվեն Ղազախի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերը, որոնք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում են։ Այս մասին հայտարարել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այդ կետը, սակայն, տեղ չգտավ պաշտոնական եռակողմ հայտարարության մեջ։ 

1990-1991 թվականներին Հայաստանն իր վերահսկողության տակ է վերցրել ադրբեջանական 8 գյուղ, որոնցից 7-ը եղել է Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանից (Տավուշի դիմաց)։ Դրանք են՝ Վերին Ոսկեպար (Յուխարը Աքսիպարա) , Ներքին Ոսկեպար (Աշաղը Աքսիպարա) , Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու։

Իսկ 8-րդը Արարատի մարզի Պարույր Սեւակ եւ Զանգակատուն գյուղերի միջեւ գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն է, որը վարչականորեն պատկանում է Նախիջեւանին։ Մեր զրույցում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղարը հերքեց նաեւ Տիգրանաշենի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու մասին պարբերաբար տարածվող լուրերը։ Օրեր առաջ սա հերքել է նաեւ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել