Ռուսաստանն ինչքան կարող էր՝ թուլացրեց Հայաստանին, որ Ադրբեջանից ԵՏՄ մտնելու համաձայնությունն ստանա․ Արման Բաբաջանյան
 |factor.am|
19:51 - 08 հունվարի, 2021

Ռուսաստանն ինչքան կարող էր՝ թուլացրեց Հայաստանին, որ Ադրբեջանից ԵՏՄ մտնելու համաձայնությունն ստանա․ Արման Բաբաջանյան |factor.am|

factor.am: Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

-Քաղաքական տարին սկսվում է Փաշինյան-Պուտին-Ալիև կայանալիք հանդիպման մասին խոսակցություններով, ինչը պաշտոնապես չի հերքվում։ Բացի այդ՝ Հայաստանի ներսում է քաղաքական պայքար․ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերն ընտրություններ անցկացնելու՝ Փաշինյանի առաջարկը մերժում են և պահանջում են նրա հրաժարականը։ Կառավարությունն ասում է՝ ուզում եք ճգնաժամի լուծում, գնանք ընտրությունների, սակայն մերժվում է։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ փողոցի շարժումը չունեցավ աջակիցների այնպիսի խումբ, որը կպարտադրեր Փաշինյանին հեռանալ և ընտրել Վազգեն Մանուկյանին։

-Իրականում այս 17 ուժերի՝ հրապարակը զբաղեցնելու նպատակը շատ ավելի նենգ և հեռահար է․ոչ թե Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնից հրաժարումը, այլ նրանք, ըստ էության, ապահովում են Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության իրագործումը և նրան թույլ չեն տալիս որևէ կերպ մանևրել, որևէ կերպ խուսափել ամբողջական իրագործումից։ Եվ պիտի ասեմ, որ հենց նրանց պատճառով է, որ մենք մոտ երկու ամիս շարունակ հիբրիդային, տեռորիստական լրատվական հոսքերի տակ ենք որպես պետություն, պետականություն։ Ինձ համար շատ հայտնի արտաքին և ներքին ուժերի կողմից կազմակերպված այս հարձակումներն ունեն մեկ նպատակ՝ պատերազմից հետո թույլ չտալ, որպեսզի ժողովրդի տրամադրությունը, հուսահատությունը արագ անցնի, և մենք նոր տրամադրությամբ սկսենք մեր կյանքը, մեր պետությունը կազմակերպել։ 

-Բայց այսօրվա իշխանությունն էլ, կարծես, դեմ չէ նոյեմբերի 10-ին ընդունված հայտարարության իրագործմանը։

-Դե՝ ես հասկանում եմ, որ նրանք հրապարակային չեն կարող անհամաձայն լինել, բայց մենք հասկանում ենք, որ այդ փաստաթուղթը մեզ համար չի կարող որպես պետություն, որպես իշխանություն ընդունելի լինել, և մենք պարտադրված ենք եղել ստորագրել այդ հայտարարությունը։ Ավելին՝ ես հեռու եմ այն մտքից, որ մենք շատ սիրալիր տրամադրությամբ ենք մեկնում Մոսկվա՝ մասնակցելու բանակցություններին և նույնիսկ պատրաստ լինելու ստորագրել համաձայնագիր, որ բխում է հայտարարության այս կամ այն կետի իրագործումից, ինչպես վարչապետն էր իր պարզաբանման մեջ նշել։ Ինձ համար հասկանալի է, որ Ռուսաստանն իր գրպանում ուներ Հայաստանի համաձայնությունն Արցախի հարցի վերաբերյալ դեռևս 2011 թվականին՝ Կազանյան հայտնի գործընթացը։ Դրան հաջորդած հարցազրույցներ կան, որտեղ Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել 7 շրջանները վերադարձնել։ Դա ինքնին ՌԴ-ի համար բավարար էր, որպեսզի Հայաստանի հարցը համարեր լուծված, իսկ Հայաստանի հարցը լուծվել էր 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի՝ սկզբից Մաքսային միության, հետո՝ ԵՏՄ-ի անդամ դառնալով, և հերթն Ադրբեջանինն էր։ Եվ հիմա այդ հարցն է վճռվում, և ես չգիտեմ՝ Ալիևն ինչքանով է գիտակից, Հայաստանից է կախված Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը։

ՌԴ-ն որքան կարող էր՝ թուլացրեց իր դաշնակցին մի բանի համար, որպեսզի կարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը՝ ԵՏՄ-ին անդամակցելու, և սրան է գումարվում նաև տարիներ շարունակ նրան սպառազինության վաճառելը։ Անգամներով ավելի սպառազինություն է տրվել, և մենք շատ լավ հասկանում ենք՝ ՌԴ-ն լավ հասկանում է, թե ուժերի ինչպիսի հավասարակշռություն է Հայաստանում և Ադրբեջանում։ Մենք, ըստ էության, անհավասար դիրքերում էինք, և ՌԴ-ն շատ լավ տեղեկացված էր և՛ պատերազմի մեկնարկի, և՛ դրա ամբողջ ընթացքի, և՛ նաև այն կետի վերաբերյալ, երբ պետք է պատերազմը կանգ առներ։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝  factor․am-ում։ 




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել