Վազգեն Մանուկյանը ԱԳ նախարարից, ԱԱԾ տնօրենից և ԳՇ պետից պահանջել է հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ
22:34 - 08 հունվարի, 2021

Վազգեն Մանուկյանը ԱԳ նախարարից, ԱԱԾ տնօրենից և ԳՇ պետից պահանջել է հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ

Վազգեն Մանուկյանը դիմել է ԱԳ նախարար Արա Այվազյանին, ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ: Հայտարարության մեջ, մասնավորապես ասված է․

«Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին,
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին,
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին

Հարգելի՛ պարոնայք,
Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել: Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։
Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։

Դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ:

Ակնկալում ենք Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Կանխավ շնորհակալ եմ։

Վազգեն Մանուկյան
Հայրենիքի փրկության շարժում​​
08.01.2021թ.»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել