Կոնգրեսում Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսվելու դեպքում՝ նրան կարող են արգելել հետագայում որևէ պետական պաշտոն զբաղեցնել. BBC |tert.am|
12:45 - 09 հունվարի, 2021

Կոնգրեսում Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսվելու դեպքում՝ նրան կարող են արգելել հետագայում որևէ պետական պաշտոն զբաղեցնել. BBC |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը նախատեսում է նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել Թրամփի դեմ՝ չորեքշաբթի օրն ԱՄՆ-ի Կապիտոլիումի տարածք ներխուժման գործում նրա ունեցած դերի համար, հայտնում է BBC լրատվական գործակալությունը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ գործընթացը կիրականանա, եթե Դոնալդ Թրամփն անմիջապես հրաժարական չտա:

Նախագահ Թրամփի նկատմամբ «ապստամբության հրաման տալու» մեղադրանքն առաջադրվելու է երկուշաբթի օրը՝ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամների կողմից: Նրանք Թրամփին մեղադրում են խռովություն հրահրելու համար, որի ընթացքում 5 մարդ է զոհվել: Նախագահի պաշտոնանկության գործընթացի նախագծին կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 160 դեմոկրատ անդամներ՝ կոնգրեսականներ Թեդ Լիենի և Դեյվիդ Սիսիլինի նախաձեռնությամբ:

Եթե այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա սա կլինի 2-րդ դեպքը, երբ Թրամփին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսվում: Նախորդ անգամ նմանատիպ գործընթաց էր սկսվել 2019 թվականի դեկտեմբերին՝ լիազորությունների չարաշահման և Կոնգրեսի աշխատանքներին միջամտելու մեղադրանքով, սակայն Սենատը արդարացրել էր նրան:

ԱՄՆ-ի ոչ մի նախագահ երբևէ երկու անգամ պաշտոնանկության գործընթացում չի հայտնվել: Այնուամենայնիվ, այս գործընթացը դժվար թե իր ավարտին հասնի, քանի որ Սենատում Թրամփը հանրապետականների լայն աջակցություն է վայելում: Ինչը նշանակում է,որ նախագահի պաշտոնանկության գործընթացը կարող է զուտ խորհրդանշական բնույթ կրել, որով Դոնալդ Թրամփը պատասխանատվության կենթարկվի Կոնգրես ներխուժման համար:

Սենատի հանրապետական առաջնորդ Միչ Մքքոնելի օգնականի հուշագրում ասվում է, որ ըստ Սենատի օրենքների, պալատը չի կարող գործընթաց սկսել նախագահի լիազորություններն ավարտելուց հետո, սակայն գործընթացի հետևանքով Թրամփը կարող է զրկվել այսուհետ պետական պաշտոն զբաղեցնելու իր իրավունքից:

Այս ամենը կապվում է չորեքշաբթի օրը տեղի ունեցած անկարգությունների և դրանցում Թրամփի հնարավոր մասնակցության հետ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել