Անթույլատրելի է հետպատերազմական փուլերում մարդասիրական հարցերը քաղաքականացնելը. ՄԻՊ |1lurer.am|
13:19 - 12 հունվարի, 2021

Անթույլատրելի է հետպատերազմական փուլերում մարդասիրական հարցերը քաղաքականացնելը. ՄԻՊ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանին մեղադրել է այնտեղ պահվող գերիների հարցում միջազգային պահանջները խախտելու մեջ:

«Անթույլատրելի է հետպատերազմական փուլերում մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելը, դա արդեն իսկ կոպիտ խախտում է: Միջազգային պահանջների համաձայն՝ ռազմագերիները կամ քաղաքացիական անձինք պատերազմական, ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն իրենց երկրներ: Նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն արգելվում է, նրանց կալանավորելը կամ ձերբակալելը նույնպես արգելվում է: Ավելին, այս հարցերի արհեստական ձգձգումը նույնպես արգելվում է և համարվում է պատերազմական հանցագործություն»,- հայտարարեց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այս ամենն ամրագրված է միջազգային համաձայնագրերով, մասնավորապես, 1949 թ. Ժնևի երրորդ կոնվենցիայով, և այդ փաստաթղթի պահանջները տարածելի են նաև Ադրբեջանի վրա:

Թաթոյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված է գերիների փոխանակում, սակայն չկա սահմանված վերջնաժամկետ: «Եթե անգամ այս պահանջը չլիներ փաստաթղթում, ի՞նչ է նշանակում, պետք է գերիներին պահեի՞ն, չվերադարձնեի՞ն: Այդ պահանջը գործում է՝ անկախ նրանից, թե եռակողմ հայտարարության մեջ այն ամրագրվա՞ծ է, թե՞ ոչ»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ սա մարդու իրավունքների, մարդասիրական հարց է, որը քաղաքական պայմանավորվածությունների հետ չպետք է որևէ կապ ունենա:

Նա անթույլատրելի համարեց նաև Ադրբեջանի քաղաքականությունը, երբ փորձում է եռակողմ հայտարարությունը տարածել միայն մինչև նոյեմբերի 10-ը գերեվարվածների վրա: «Սա անթույլատրելի է: Սա պետք է կիրառվի նաև նոյեմբերի 10-ից հետո առաջացած իրավիճակների վրա այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդու իրավունքների պաշտպանության օբյեկտիվ անհրաժեշտություն, քանի դեռ կան գերիներ, որոնք մեծ հաշվով կապված են պատերազմական գործողությունների հետ: Մենք պրակտիկայում ունենք այդ դեպքը. պատերազմական գործողություններից հետո ունեցանք Ադրբեջանի կողմից գերեվարման դեպքեր, որոնց մի մասը վերադարձվեց»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել