Հայաստանում ադրբեջաներենի դասավանդման անհրաժեշտություն կա․ փակված ադրբեջանագիտության ծրագիրն այս տարի կբացվի
20:45 - 14 հունվարի, 2021

Հայաստանում ադրբեջաներենի դասավանդման անհրաժեշտություն կա․ փակված ադրբեջանագիտության ծրագիրն այս տարի կբացվի

Արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ավարտից հետո հասարակական եւ մասնագիտական տարբեր հարթակներում քննարկումներ սկսվեցին՝ Հայաստանում ադրբեջաներենի դասավանդման կարեւորության վերաբերյալ։ Պատերազմական տարբեր իրավիճակներ, այդ թվում՝ ականատեսների պատմությունները, թույլ են տալիս ենթադրել, որ ադրբեջանցի զինվորները շատ հաճախ են կիրառել հայերենը, ինչն ունեցել է էական նշանակություն ու երբեմն՝ անշրջելի հետեւանքներ։ 

Այս ամենին զուգահեռ՝ մոտ մեկ ամիս առաջ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ 2018թ. սեպտեմբերից փակվել է ֆակուլտետում գործող «ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը (մասնագիտացումը)։

«Իմ բոլոր դիմումները եւ հարցումները՝ պատասխանատու կառույցներին եւ անձանց, մնացին անարձագանք եւ անարդյունք: Իմ զարմանքն ու հիասթափությունը հատկապես մեծանում էր, երբ ես ստիպված էի լինում պատասխանատուներին բացատրել պատերազմող երկրում ադրբեջանագետներ ունենալու կարեւորությունը. մասնագետներ, որոնք պետք է տիրապետեին թշնամի երկրի լեզվին, պատմությանը, քաղաքականությանը եւ այլն: Հույսս կտրելով` ես իմ լիազորությունների շրջանակներում փորձեցի կոմպենսացնել խնդիրը` ադրբեջանագիտական առարկաներ ընդգրկելով արեւելագիտության ֆակուլտետի այլ մասնագիտացումների ծրագրերում: Ահա եւս մեկ դրվագ՝ կրթական գերակայությունների հանդեպ ներկայիս ապիկար կառավարության մոտեցումների վերաբերյալ»,- գրել էր Մելքոնյանը:
 
Infocom.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ծրագիրը ներառում էր ոչ միայն ադրբեջաներենի դասվանդում, այլեւ Ադրբեջանի պատմությունը, մշակույթը, քաղաքականությունը եւ այլ ոլորտներ, որոնք հնարավորություն էին տալիս ճանաչել այդ երկիրը։ 
 
«Պետական պատվերով 2016 թվականից մենք ունեցել ենք այդ կրթական ծրագիրը։ 2018 թվականին այն ընգրկված չի եղել ընդունելության համար հայտարարված մրցութային ծրագրերում, եւ ինձ որեւէ պատճառաբանություն չեն տվել։ Իմ անձնական ճշտումների ժամանակ, երբ հարցրել եմ կոմպետենտ, պատասխանատու մարդկանց, որեւէ լուրջ հիմնավորում չի եղել, ուղղակի ասել են, որ ընդգրկված չէ։ Հետո որոշ պատասխանատուներ հռետորական հարց են տվել, թե արդյոք դա մեզ պե՞տք է, թե՞ ոչ։ Ես նաեւ իմ գրառման մեջ էի ասել, որ քանի որ հարցը ունի կարեւորություն, ես առարկաների մի մասը փորձել եմ տարրալուծել այլ ծրագրերում, որպեսզի մեր ուսանողները այդ առարկաները կարողանան անցնել։ Իհարկե, դա չի փոխարինում նեղ մասնագիտական ծրագրին, բայց, այնուամենայնիվ, որոշ առարկաներ շարունակում են ֆակուլտետում դասավանդվել»,- մանրամասնեց Մելքոնյանը։
 
Վերջինս տեղեկացրեց, որ իր գրառումից հետո որոշ գործընթացներ են սկսվել․ ըստ իր տեղեկությունների՝ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է խնդրել՝ ծրագրի փակման վերաբերյալ։ Ֆակուլտետի դեկանը հույս հայտնեց, որ որոշ փոփոխություններ կարվեն։
 
Միեւնույն ժամանակ Մելքոնյանն ընդգծեց, որ երբ ոչ թե պետությունն է համալսարանին հանձնարարում զբաղվել այս հարցով, այլ համալասարանի մասնագիտական ֆակուլտետի դեկանն է ահազանգում, սա արդեն խոսում է խնդրի եւ պատասխանատու մարմինների ոչ կեմպետենտության մասին։ 
 
Արեւելագիտության ֆակուլտետի դեկանը միանշանակ կարծիք հայտնեց, որ ծրագրի նկատմամբ հանրային հետաքրքրություն կա․
 
«Ինչպես ասացի՝ ծրագիրը եղել է պետական պատվերով, եւ անգամ ընդունելության շեմը բավական բարձր էր, այսինքն՝ ծրագիրը մրցակցային էր, մենք էլ հատուկ ուշադրություն ենք դարձնում դրան։ Ես փորձել եմ ֆակուլտետում հավաքել բոլոր հմուտ մասնագետներին, նրանց հրավիրել եմ դասավանդելու։ Կարծում եմ, որ դրական արդյունքներ էլ ունենք, մեր շրջանավարտները տարբեր ոլորտներում իրենց մասնագիտական գիտելիքները կարողանում են հավուր պատշաճի կիրառել։ Վստահ եմ, որ հետաքրքրությունը ադրբեջանագիտության նկատմամբ, ինչպես ընդհանուր արեւելագիտության, շարունակում է հասարակության մեջ բավարար մակարդակում լինել»։
 
Մելքոնյանը մեր զրույցում ընդգծեց, որ Ադրբեջանում հայագիտությունը պետության շատ լուրջ ուշադրության կենտրոնում է, եւ ականատես ենք լինում, որ Ադրբեջանում հայերեն դասավանդվում է ոչ միայն բուհերում, այլեւ այլ կրթական հաստատություններում, անգամ դպրոցներում։ Նրա խոսքով՝ բնական է, որ Ադրբեջանում հայերենի եւ հայագիտության դասավանդումը ամենեւին չի հետապնդում ակադեմիական նպատակներ, այլ ուղղված է հակահայկական քաղաքականության սպասարկմանը, եւ այս առումով Ադրբեջանում հայերեն իմացողների եւ հայագիտությամբ զբաղվողների թիվը բավական մեծ է։
 
Մելքոնյանի համոզմամբ՝ մինչեւ պատերազմը կամ անկախ պատերազմից՝ արեւելագիտությունն ու մասնավորապես ադրբեջանագիտությունն ունեն ստրատեգիական նշանակություն՝ ինչպես ընդհանուր տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի համար։ Հայաստանի համար, ըստ մեր զրուցակցի, կրկնակի կարեւոր է, որովհետեւ ՀՀ-ն ե՛ւ արեւելքում գտնվող երկիր է, ե՛ւ արեւելքում գտնվող երկրների հետ խնդիրներ ունեցող երկիր է, ուստի հարցի կարեւորությունն անքննելի է։ 
 
Infocom-ի հարցին, թե ինչ մեթոդներով եւ ուսումանական որ հաստատություններում պետք է իրականացվի ադրբեջաներենի դասավանդումը, դեկանը պատասխանեց, որ ինքը հակված է ավելի նեղ մասնագիտական դասավանդմանը, եւ որ ադրբեջաներենը ավելի շատ ժամաքանակով պետք է դասավանդվի արեւելագիտության ֆակուլտետում, ընդ որում՝ ոչ միայն լեզուն, այլեւ Ադրբեջանի պատմությունը, քաղաքական գործընթացները, քարոզչությունը եւ այն․
 
«ԵՊՀ պատմության ֆակուլտետում դարձյալ արեւելագիտության ֆակուլտետրի դասախոսները դասավանդում են ադրբեջաներեն, բայց, բնականաբար, պատմության ֆակուլտետի պրոֆիլը այլ ուղղվածության է։ Իհարկե, ադրբեջաներեն իմացող պատմաբանների առկայությունը շատ լավ կլինի, բայց այնտեղ ժամաքանակն ավելի քիչ է, քան արեւելագիտության ֆակուլտետում։ Եթե մենք ուզում ենք համակողմանի մասնագետներ պատրաստել, նախապատվությունը պետք է տանք մասնագիտական ֆակուլտետին։ Ինչ վերաբերում է դպրոցներում դասավանդմանը՝ հարցը տարբեր կողմեր ունի, բայց չեմ բացառում, որ կարող է էֆեկտիվ լինել նաեւ դպրոցներում, ուղղակի դա չպետք է լինի ինքնանպատակ, այլ մշակված՝ ո՞ւմ ենք դասավանդում, հետո ի՞նչ են անելու այդ շրջանավարտները, արդյոք դա լինելու է ուղղակի պլյուս դնելո՞ւ համար, թե՞ ունենալու ենք մասնագետներ»,- մենաբանեց դեկանը։
 
Վերջինիս կարծիքով՝ կա նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք, որով դպրոցներում ոչ միայն պետք է լեզուն դասավանդվի, այլեւ Հայաստանի հարեւան երկրների պատմությունը, որպեսզի հասարակությունը գոնե միջին մակարդակի գիտելիքներ ունենա տարածաշրջանի մասին՝ դրանից բխող սպառնալիքները կասեցնելու կամ հնարավորությունները ճիշտ իրացնելու առումով։ Մելքոնյանի խոսքով՝ մենք գործ ունենք հասարակության մի շերտի հետ, որը ոչ միայն վտանգները չի պատկերացնում, այլեւ անգամ քարտեզի վրա չի պատկերացնում, թե ինչ է նշանակում, օրինակ, Մեղրիով ճանապարհ տալ Ադրբեջանից դեպի Թուրքիա, եւ դա չի դիտարկում որպես մարտահրավեր, որովհետեւ չի հասկանում խնդրի էությունը։
 
«Կարծում եմ, որ դպրոցներում տարածաշրջանի երկրների պատմության դասավանդումն ավելի կարեւոր է, միգուցե երբեմն դրան զուգակցվի նաեւ ադրբեջաներենի կամ թուրքերենի դասվանդումը, բայց որ այս հարցը ունի պետության հատուկ ուշադրության կարիքը, եւ պետք է մշակել ճիշտ ծրագրեր, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ընդ որում՝ դրանք երբեմն ուշացած են լինում, բայց լավ է ուշ, քան երբեք»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։
 
Թեմայի վերաբերյալ Infocom-ը զրուցեց նաեւ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, որը նույնպես կարեւորում է ադրբեջաներենի իմացությունը Հայաստանում։ Վերջինս մեր զրույցում նշեց, որ այն պետք է դասավանդել բուհական մակարդակում․
 
«Ընդհանրապես, պետք է, այսպես ասած, թշնամու լեզուն իմանալ։ Մեզ իսկապես դա պետք է։ Պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ մենք շատ հարցերում նրանց թերագնահատում էինք, շատ մարդիկ ասում էին, որ իրենք շատ թույլ են, երկիրը կործանվում է եւ այլն, բայց պարզվեց, որ դրանք այդքան էլ չէին համապատասխանում իրականությանը։ Մենք մեր հարեւանների մասին պետք է ոչ թե պոպուլյար, ոչ մասնագիտական գիտելիքներ ստանանք, այլ ավելի խորքային գիտելիքներ, իսկ դրա համար պետք է իրենց լեզուն իմանալ»։ 
 
Խաչատրյանն ընդգծեց, որ պարտադիր չէ՝ շատ մարդիկ մասնագիտանան եւ ձեռք բերեն խորքային գիտելիքներ, որովհետեւ սա այն մասնագիտությունը չէ, որ հանրային մեծ պահանջարկ ունի, ուղղակի ցանկալի է, որ բարձրակարգ մասնագետներ լինեն։ Նրա համոզմամբ՝ պարզ է, որ ադրբեջանագետի մասնագիտությունը չի կարող իրավագիտության կամ բժշկության մակարդակի պահանջարկ ունենալ, բայց, փորձագետի կարծիքով, շատ լավ կլինի, եթե երկրում ունենանք, օրինակ, 10 լավ մասնագետ։
 
«Այստեղ կարեւորը որակն է․ ցավոք, մեր համալսարաններում երբեմն կարեւորվում է քանակը, երկու կամ չորս հոգու համար ոչ միշտ են մասնագիտություններ բացվում, որովհետեւ դա ձեռնտու չէ։ Կան մասնագիտություններ, որտեղ թեկուզ մեկ-երկու հոգու համար պետք է բացել խումբ, եթե նույնիկ ֆինանսապես չի ծածկում, պետությունը պետք է պատվեր ձեւակերպի։ Կարծում եմ, որ պետք է բացել ադրբեջանագիտության բաժինը, գուցե փակելու պատճառը եղել է այն, որ դիմորդներ շատ չեն եղել, բայց, նորից եմ ասում, կարեւորը որակն է»,- ասաց Խաչատրյանը՝ շեշտելով, որ ադրբեջաներենի դասավանդման լավագույն տարբերակը կլինեն արտադպրոցական ծրագրերը։ 

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում միշտ կարեւորվում են միայն դպրոցական եւ բուհական համակարգերը, բայց գոյություն ունեն նաեւ արտադպրոցական խմբակները, որոնք ավելի ճկուն են։ Խաչատրյանի դիտարկմամբ՝ կարող են լինել թեքումով դպրոցներ, օրինակ՝ լեզուների գծով խորացված դպրոց, որտեղ աշակերտներին կառաջարկվի սովորել նաեւ հավելյալ լեզուներ, ասենք՝ թուրքերեն, ադրբեջաներեն։ Այս պարագայում, ըստ նրա, հնարավոր է, որ երեխաների մի փոքր խումբ նույնպես սկսի սովորել, սակայն արտադպրոցական խմբակներն ավելի հետաքրքրող ու արդյունավետ կարող են լինել։
 
ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչությունից Infocom-ին հայտնեցին, որ  խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի 2021-2022 ուս․ տարում ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում կրթական ծրագիրը վերականգնվի․
 
«2016 թվականին կառավարության որոշոմամբ ԵՊՀ ընդունելության մասնագիտությունների ցանկի մեջ առաջին անգամ նախատեսվել է թյուրքագիտություն մասնագիտությամբ ընդունելություն՝ ՊՆ-ի պատվերով, եւ ամրագրվել է՝ «Թյուրքագիտություն-ՊՆ» անվամբ, նախատեսված է եղել կազմակերպել ընդունելություն 4 նպատակային տեղի համար։
 
Նաեւ 2017 թվականին է նախատեսվել ընդունելություն, բայց տեղերի թիվը հասել է 10-ի, իրավապահ համակարգի համար է եղել, սրանից ենթադրվում է, որ թիվն ավելացել է նաեւ ԱԱԾ-ի պատվերով՝ նշվել է իրավապահ համակարգ։ Ընդունվածների համար ԵՊՀ-ն թյուրքագիտություն կրթական ծրագրով՝ ադրբեջանագիտության մասնագիտացմամբ, առանձին ուսումնական պլանով իրականացրել է կրթություն։ 2021-2022 ուսումնական տարվա համար դեռեւս մշակվում են հայտերը, տեղերի քանակը կորոշվի ըստ պատվերի»,- մեկնաբանեցին վարչությունից։
 
Ի հավելումն նշենք, որ 2012 թվականին ԵՊՀ Թուրքագիտության ամբիոնը Հայաստանում հրապարակվեց ադրբեջաներենի բուհական առաջին դասագիրքը։ 
 
2019 թվականին էլ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ իրականացվել են ադրբեջաներենի դասընթացներ։ Ընդհանուր առմամբ՝ տարբեր ֆակուլտետից դասընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել 250 ուսանող։
 

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել