Ադրբեջանը հայտարարել է՝ քանի որ Հադրութում զինծառայողները գերի են ընկել եռակողմ հայտարարությունից հետո, նրանց պետք է դիտարկել այլ ընթացակարգով․ Լավրով |1lurer.am|
14:52 - 18 հունվարի, 2021

Ադրբեջանը հայտարարել է՝ քանի որ Հադրութում զինծառայողները գերի են ընկել եռակողմ հայտարարությունից հետո, նրանց պետք է դիտարկել այլ ընթացակարգով․ Լավրով |1lurer.am|

1lurer.am:  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2020 թ. ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում հայկական լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է գերիների փոխանակման թեմային:

Լավրովը, մասնավորապես, ասել է. «Գերիների հարցով ամեն ինչ քննարկվել է: Այդ հարցը ներառված է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Հարցը քննարկվել է նախագահ Պուտինի, վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի հեռախոսազրույցներում, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ իմ հեռախոսազրույցներում: Այդ հարցը լայնորեն քննարկվել է նաև հունվարի 11-ի հանդիպման ընթացքում, երբ Մոսկվա էին այցելել Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը:
 
Եթե ընդհանրացնենք, այո, այդ հարցով ավելի շատ խնդիրներ կային հայկական կողմում: Պետք էր առաջին հերթին կազմել և ներկայացնել գերիների և անհետ կորածների հստակ ցուցակները: Ադրբեջանը ներկայացրել էր փոքր ցուցակ, որը հաստատվել էր, և այդ ցուցակներում ընդգրկվածները բոլորն արդեն վերադարձվել են: Գերիների, անհետ կորածների վերադարձի հետ կապված հարցեր Ադրբեջանի կողմից այլևս չեն ծագել:  
 
Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից և ոչ ամբողջական: Որպես արդյունք՝ իրականացվել է բոլոր այն անձանց փոխանակումը, որոնք եղել են նոյեմբերի 9-ով ավարտված իրադարձությունների մասնակից: Սակայն հիմա ծագել է հարց, որը բխում է դեկտեմբերի սկզբին Հադրութում ստեղծված իրավիճակով, երբ այնտեղ էր ուղարկվել հայկական մեծ խումբ, որքան հասկանում եմ՝ զինակոչիկների խումբ: Նրանք գերի են ընկել դեկտեմբերի սկզբին՝ մի քանի օր անց: 62 մարդ: Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ քանի որ այդ զինվորականներն այնտեղ էին ուղարկվել հրադադարի և բոլոր զինված գործողությունների մասին հայտարարությունից հետո, նրանց պետք է դիտակել այլ ընթացակարգով, այլ ոչ թե նոյեմբերի 9-ի (հայտարարության՝ խմբ.) համատեքստում:
 
Ես և նախագահ Վլադիմիր Պուտինը հակված ենք, այնուամենայնիվ, որ պետք է հարցը փակվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով առաջնորդվելով: Ես զրուցել եմ ՀՀ ԱԳ նախարարի հետ, փորձել եմ հստակեցնել բոլոր նրանց ցուցակները, ում անունները չկան: Պարզվեց, որ կա ավելի քան 62 զինվորականի անուն: Հիմա մեր զինվորականները կապ են պահում Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների հետ:
 
Այդ՝ արդեն անվանական ցուցակները տրամադրվում և առանձնացվում են, որպեսզի հասկանանք, թե որտեղ են այդ մարդիկ: Սակայն խնդիրն ակնասկած կա: Եթե մեր խաղաղապահներն այնտեղ չլինեին, հարցը, հավանաբար շատ ավելի բարդ կլուծվեր: Նրանք զբաղվում են այդ հարցով: Խաղաղապահ զորախմբի ղեկավար գեներալ Մուրադովը անընդհատ կապ է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել