Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 50-ից ավել գյուղական տնտեսություններին և անհատ ֆերմերներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն:
 
Աջակցությունը տրամադրվում է Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այս աջակցությունը կտրամադրվի hատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն հայտադիմորդներին, ովքեր կստանան աջակցություն բարձրարժեք ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների տրամադրման միջոցով՝ ուղղված տարածաշրջանում ագրոբիզնեսների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, կանաչ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հավելյալ արժեքի ստեղծմանը, արտադրության բազմազանեցմանը և ծավալների ավելացմանը:
 
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՄԱԶԾ-ն աջակցության փաթեթների համաձայնագրեր է կնքել 54 շահառուների հետ։ Ավելին՝ ծրագրի շահառուներից ոմանք արդեն իսկ ստացել են իրենց ֆերմերային տնտեսության զարգացման պլանին համապատասխան ռեսուրսներ, ինչպիսիք են օրինակ բարձր մսատու, մաքրացեղ ոչխարներ, մոտոբլոկներ, մինի տրակտորներ, բարձր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսական գործիքներ, վերամշակող սարքավորումներ և չորանոցներ։
 
Այստեղ կարող եք ծանոթանալ ՄԱԶԾ համագործակցությանը Գյումրու սելեկցիոն կայանի հետ (https://gselection.am)՝ հատիկընդեղենի տեղական բարձրորակ սերմացու ապահովելու նպատակով։

Մի քանի տնտեսությունների հետ համաձայնագրեր են ստորագրվել ցուցադրական տնտեսություններ ստեղծեյու վերաբերյալ, որտեղ հասանելի կլինեն տնտեսության կառավարման և արտադրության վերամշակման արդյունավետ մեթոդները՝ ցուցադրական և ուսումնական այցերի նպատակով։