Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր |armenpress.am|
13:26 - 21 հունվարի, 2021

Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ի պատասխան վարչապետ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագրի, առաջարկել է կոնտր-հուշագիր: Մարուքյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցներում: 

ԼՀԿ ղեկավարը հիշեցրեց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն առաջարկել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվեն, որ վարչապետի հրաժարականից հետո ԼՀԿ-ն չի առաջադրի թեկնածություն՝ տվյալ պարագայում Մարուքյանի թեկնածությունը: «Սակայն ես ասել եմ, որ մեր օրակարգը անցումային կառավարություն ձևավորելու օրակարգ է: Անցումային կառավարության մեր թեկնածուն ես եմ, և պետք է առաջադրվեմ»,-ասաց Մարուքյանն ու հավելեց՝ չի եղել կոնսենսուս, և այդ հուշագրի թեման փակվել է:  

Մարուքյանը, սակայն, նկատեց, որ ԲՀԿ-ի իրենց գործընկերների հետ միասին 45 հոգի են, եթե գումարեն «Իմ քայլը»-ից դուրս եկած 5 պատգամավորին, ստացվում է 50: Ընդ որում այդ 50-ն էլ պայմանական է: Այսպիսով, Մարուքյանը նկատեց, որ իշխանության կողմնակից պատգամավորի թիվը 82 է լինում: «Եթե իրենք վստահ չեն իրենց 82-ի վրա, որ հնարավոր է, որ ես առաջադրվեմ, ինձ ընտրեն, դա ուրիշ քննարկման հարց է: Եթե վստահ են, ապա ի՞նչ խոչընդոտ կա խորհրդարանը ցրելու»,-ասաց նա:

Մարուքյանը հայտնեց, որ Փաշինյանին կոնտր-հուշագիր է առաջարկել: «Առաջարկել եմ՝ եկեք ստորագրենք հուշագիր, որ ես ընտրվում եմ, մինչև հուշագիրը ստորագրելը պայմանավորվում ենք, որ օրինակ հոկտեմբերի 1-ին հրաժարական եմ տալիս և չեմ առաջադրվում: Եվ պայմանավորվում ենք 3 ուժերով, որ մարդ չենք առաջադրում, և խորհրդարանը հոկտեմբերին ցրվում է, երբ երկիրը կայունացած է լինում, և գնում ենք ընտրությունների: Դա եղել է իմ առաջարկած կոնտր հուշագիրը վարչապետին»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով, սակայն, համաձայնություն չի եղել, չկա հուշագիր, չկա հրաժարական, չկան ընտրություններ: Սակայն ընտրության ճանապարհը բոլորին հայտնի ճանապարհն է: «Եվ, երբ իրենք ասում են, որ այդ ճանապարհը չի լինի առանց ընդդիմության հետ հուշագրի, դուրս է գալիս, որ 45-ը կամ 50-ը մեծ է 82-ից»,-ասաց Մարուքյանն ու հավելեց, որ ինքն առաջադրվելու է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել