Իր հրաժարականի մասին կխոսի Տիգրան Պետրոսյանն անձամբ. Սուրեն Պապիկյան |armtimes.com|
14:55 - 26 հունվարի, 2021

Իր հրաժարականի մասին կխոսի Տիգրան Պետրոսյանն անձամբ. Սուրեն Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: Ճի՞շտ են արդյոք տեղեկությունենրը, թե ում առաջարկել եք դառնալ Շիրակի մարզպետ՝ հրաժարվել են: Գյումրիում այսօր իրեն ուղղված հարցին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ ոչ:  Եղել է մեկ առաջարկ, արվել է Հովհաննես Հարությունյանին, նա էլ համաձայնվել է:

Ըստ Պապիկյանի՝ իրականությանը չեն համապատասխանում նաև տեղեկությունները, համաձայն որոնց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած համայնքապետերի հետ ինքն ունեցել է փակ հանդիպում: Բոլոր հանդիպումները եղել են բաց, ասելիքը՝ հրապարակային:

«Ընդ որում, դրանք եղել են մարզպետների նշանակման կապակցությամբ, այլ առիթով համայնքապետերի հետ չեմ հանդիպել, այլ կոչ քան հրապարակայինները, չեմ հնչեցրել: Բնականաբար, յուրաքանչյուր մարմնի, յուրաքանչյուր ինստիտուտի վերապահված են լիազորություններ, և իրավասություններ, և բնականաբար նրանց գործողությունները պետք է ելնեն այդ իրավասություններից: Իմ խոսքը կառուցված է եղել միայն ՀՀ Սահմանադրության և օրենքների վրա»,-ասաց Պապիկյանը:

Լրագրողի հարցին՝ ընկել են արդյո՞ք այս համայնքապետերը սև ցուցակ, Պապիկյանն ասաց, չունեն նման ցուցակ հանրությունն է որոշողը, թե որ համայնքապետը որ ցուցակում կհայտնվի, և հանրությանն այդ հնարավորությունը կընձեռվի:

«Սա վերաբերում է նաև ԱԺ-ին, բոլորիս: Որոշողը ՀՀ քաղաքացին է: Այդ կարևոր սկզբունքը որևէ մեկը չի կարող խախտել և թույլ էլ չենք տա, որ խախտի»:

2.5 տարում 3 մարզպետի փոփոխությունը Շիրակի մարզում: Պապիկյանն ասաց, խնդիր չի տեսնում: Փոփոխությունները պայմանավորված են տարբեր հանգամանքներով:

«Մի դեպքում մեր գործընկերը տեղափոխվել է ԱԺ: Հիմա բնական է, փոփոխություն է թիմում, բայց պետք չի կարծել, որ մարզը տուժելու է: Անձերով ոչինչ չպայմանավորենք, մենք խնդիր ունենք ինստիտուտների ձևավորման և յուրաքանչյուր մարզպետի խնդիրն է իր հետևից թողնել կայուն համակարգ, կայացած թիմ, որը կկարողանա լուծել մարզի առաջ ծառացած խնդիրները»,-ասաց նախարարը:

Ինչո՞ւ զբաղեցրած պաշտոնից հրաժարվեց Տիգրան Պետրոսյանը: Պապիկյանն ասաց չի կարող պատասխանել հարցին: Քանի որ Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը խոստացել է ասուլիս, կթողնեն, որ հենց նա էլ այդ հարցին պատասխանի:

«Բայց կարող եմ ասել, որ նրա հետ բավական ջերմ աշխատանքային հարաբերություններ ենք ունեցել, և ունենք, նաև բարեկամական, ընկերական, այլ մեկնաբանություններ չունեմ»:

Ինչ վերաբերում է մարզպետարանների վերակառուցմանը, ապա ըստ Պապիկյանի, փաթեթը պատրաստ էր, դեռևս 2020 թվականի գարնանից, սակայն համավարակի, հետո արդեն պատերազմի պատճառով, չիրականացվեց:

«Այդ փոփոխությունը նշանակում է նաև կրճատումներ: Ես ինքս ճիշտ չեմ համարում հիմա գնալ այդ քայլին: Որ գնալու ենք այդ քայլին, միանշանակ է, բայց ժամանակը պիտի պատեհ լինի: Հիմա պատեհ չէ»,-տեղեկացրեց Պապիկյանը:

Պատրաստվո՞ւմ է արդյոք «Իմ քայլ»-ը արտարհերթ ընտրությունների: Պապիկյանն ասաց հայտարարել են, որ պատրաստվում են քննարկել այդ օրակարգը: «Եղել են արձագանքողներ, եղել են նաև մերժողներ: Հիմա բաց է օրակարգը: Համենան՝ քննարկենք»:

2021 թվականին կշարունակվի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը: Նախարարն ասաց տեսակապով հանդիպել է չին գործընկերների հետ, նրանք տեղում են, մնում է եղանակը թույլ տա, որ աշխատանքը սկսեն:

Շիրակի մարզում և Գյումրիում կիսատ մնացած աշխատանքերը շարունակելուն զուգահեռ կմեկնարկեն նորերը: Գյումրու պատմական միջուկի կարևոր փողոցներից մեկն է այս տարի վերականգնվելու: Աշխատանքներ են նախատեսվում Սլաբոտկա թաղամասում: Սա նաև կարևոր ձեռնարկ է զբոսաշրջության տեսանկյունից:

Միայն Գյումրիում 21 փողոցի շինաշխատանք կմեկնարկի:

Այս տարի ավարտին կհասնի նաև Գյումրու վերջին տնակային մանկապարտեզի շինարարությունը: Քաղաքն այլևս նման պայմաններում գործող մանկապարտեզ չի ունենա:

2020-ին Շիրակի մարզում 2.8 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել: Միջհամայնքային և գյուղական ճանապարհներ են նորոգվել: Հանրապետությունում նախորդ տարի 150 կմ  ներհամայնքային  ճանապարհ է կառուցվել, գյուղամիջյան և քաղաքային ճանապարհի մասին է խոսքը: Դրանց զգալի մասը բաժին են հասել հենց Շիրակի մարզին:

«Նախկինում 80-ից 100 կմ ճանապարհ են կառուցել ամբողջ հանրապետությունում»,-ասաց Պապիկյանը:

Անիին սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղի ծրագիրը ևս ավարտված է: Հայ-թուրքական սահմանում գտնվող նախկին Խարկով, ներկայիս Նորշեն մտնելու համար շատ շուտով այլեւս անցաթուղթ պետք չի լինի: Ըստ Պապիկյանի, պատկան մարմինների համաձայնությունը կա, մնում է ֆինանսական հատկացումը:  «Կաշխատենք այդ ուղղությամբ»,-ասաց նախարարը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել