Փոխվել է տրանսպորտային միջոցների տեխզննության կարգը․ դիմապակուն կտրոններ չեն փակցվելու
 |shantnews.am|
19:07 - 27 հունվարի, 2021

Փոխվել է տրանսպորտային միջոցների տեխզննության կարգը․ դիմապակուն կտրոններ չեն փակցվելու |shantnews.am|

shantnews.am: Փոփոխության է ենթարկվել ավտոմեքենաների տեխնիկական զննության գործընթացը: Այսուհետև մեքենաների դիմապակու վրա տեխզննման կտրոններ չեն փակցվելու, փոխարենը անհրաժեշտ տվյալները կֆիքսվեն հատուկ էլեկտրոնային բազայում։ Նոր կարգով ավտոմեքենաների տեխզննման գործընթացի վերահսկողությունն է ուժեղացվում։ Տարբեր գնահատականներով՝ վթարների մինչև 30 տոկոսը տեղի է ունենում մեքենաների անսարքության պատճառով։

Նոր փոփոխություններով՝ այսուհետև պարտադիր է դառնում տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունը: Բանկերից կտրոններ ձեռքբերելու անհրաժեշտություն չի լինի, 6 ամսվա ընթացքում Հանրապետությունում կներդրվի տեխնիկական զննության նոր գործընթաց:

«Երբ տեխզննության հերթական օրը գա, վարորդները դիմելու են տեխզննության կայաններ։ Եթե խախտումներ չեն հայտնաբերվի, տրանսպորտային միջոցը կմուտքագրվի էլեկտրոնային շտեմարան և վարորդներին կտրամադրվի արատորոշման քարտ, որ մեքենան պիտանի է շահագործման»,- պարզաբանումներ է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը։

Նոր կարգը, ըստ նախարարության, պատասխանատուին թույլ կտա ավտոմեքենաների տեխնիկական զննության վերահսկելիությունն ապահովել։ Տեխզննման կայաններում սրանով կբացառվեն ձևական  գործողությունները։ Հանրապետությունում այս պահին գործում է 50 կայան։

«Մինչև 4 տարվա արտադրության ավտոմեքենաները տեխնիկական զննության չեն ներկայացվի, 4-10 տարեկան տրանսպորտային միջոցները կներկայանան երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարին լրանալուց հետո՝ յուրաքանչյուր տարի»,- նշել է Արման Կարապետյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել