tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարությամբ է հանդես եկել, որում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Չինաստանի վերելքի հետ կապված ռիսկերին, հնարավոր ահաբեկչությունների թեմային, ՆԱՏՕ-ի ջանքերին ու նպատակներին, ինչպես նաև «Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»: Այս մասին նա հայտնել է  Փարիզի  քաղաքագիտության ինստիտուտի երիտասարդների և առաջնորդների միջազգային գագաթնաժողովում, ասվում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում

Պատմական ակնարկի միջոցով վերադառնալով դեռ Խորհրդային միության ժամանակաշրջան ու այն համեմատելով մեր օրերի հետ պաշտոնյան՝ հիշելով ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակներից մեկը, շեշտել է, որ «սառը պատերազմի» օրերին կառույցը պետք է կենտրոնանար մեկ հակառակորդի`Խորհրդային միության վրա:

«Դա այն ժամանակն էր, երբ պատերազմի և խաղաղության սահմանն ավելի պարզ էր: Այսօր այդ գիծն ավելի աղոտ է: Մենք պետք է հաղթահարենք մեծաթիվ սպառնալիքներ մի շարք ուղղություններից՝ ցամաքից, ծովից, օդից և կիբերտարածությունից: Մեր հակառակորդները մարտահրավեր են նետում մեզ՝ օգտագործելով ռումբեր և ինքնաթիռներ, բայց նաև բոտեր և ալգորիթմներ: Այս ավելի անկանխատեսելի աշխարհում մենք կանգնած ենք ավելի ինքնահաստատ Ռուսաստանի, «Իսլամական պետության» պես դաժան ահաբեկչական խմբավորումների, ավելի բարդ կիբերհարձակումների, աշխարհաքաղաքական բախումներում ավելի ուժեղացած Չինաստանի, պոտենցիալ վտանգավոր նոր տեխնոլոգիաների, մահացու վիրուսների և կլիմայական փոփոխության դեմ: ՆԱՏՕ-ի համար սա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սպառնալիքի ու մարտահրավերի: Եվ սա իրականում այն է, ինչ մենք անում ենք: Բերեմ մի քանի օրինակ: Տարիներ շարունակ պաշտպանության ծախսերը կրճատելուց հետո բոլոր դաշնակիցները ավելի շատ ներդրումներ են կատարում պաշտպանության ոլորտում:

Մենք առաջին անգամ մեր դաշինքի արևելքում մարտական պատրաստ ուժեր ենք տեղակայել՝  ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների: Մենք միասին աշխատում ենք Չինաստանի վերելքի և նոր տեխնոլոգիաների անվտանգության ազդեցությանը հակազդելու համար: Մենք որպես գործառնական տիրույթների վերավերբում ենք կիբերտարածությանը և տիեզերքին: Միևնույն ժամանակ, մեր զինված ուժերը սատարում են կորոնավիրուսին հակազդելու քաղաքացիական ջանքերին: Այսպիսով, ՆԱՏՕ-ն ավելին է անում, բայց աշխարհը շարժվում է ավելի արագ, քան երբևէ, ինչը ենթադրում է, որ մենք ևս պետք է էլ ավելի արագ հարմարվենք: Հենց այդ պատճառով ՆԱՏՕ-ի ղեկավարները խնդրեցին ինձ անդրադառնալ Դաշինքի ապագային: Այդ պատճառով ես սկսեցի ՆԱՏՕ 2030 նախաձեռնությունը», - նշել է նա: