ՀՀ-ն ունի 2021 թվականին տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն. Սուրեն Պապիկյան
17:53 - 02 փետրվարի, 2021

ՀՀ-ն ունի 2021 թվականին տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է լուծելու նախորդ տարվա մարտահրավերներով պայմանավորված սոցիալական և հումանիտար խնդիրները՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ–ի հետ շարունակական համագործակցությունը։

«2021 թվականին նախատեսում ենք ավարտել ՀՀ վարչատարածքային բարեփոխումները,  որում իր մեծ ներդրումն է ունեցել և ունի ԱՄՆ միջազագային զարգացման գործակալությունը։ Լիահույս եմ, որ տարին արդյունավետ կլինի նախարարության առջև դրված խնդիրները լուծելու համար։ Ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ մեզ համար առանցքային է ԱՄՆ–ի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդումն ու խորացումը»,–ընդգծել է նախարար Պապիկյանը։

Դեսպան Լին Մ. Թրեյսին  վերահաստատել է ՀՀ հետ փոխշահավետ համագործակցությանն ուղղված ամերիկյան կողմի պատրաստակամությունը։  Դեսպանի գնահատմամբ՝  2020 թվականը ծանր տարի էր հատկապես ՀՀ-ի համար՝ պայմանավորված ոչ միայն համավարակով, այլ նաև  ռազմական գործողություններով։ Լին Թրեյսին հույս է հայտնել, որ ՀՀ տնտեսության վերականգնման ուղղությամբ տարվող հակաճգնաժամային աշխատանքները լավագույնս կանդրադառնան ՀՀ  ենթակառուցվածքների զարգացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման շրջանակում հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների վրա։

Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ չնայած 2020 թվականի հասցրած վնասներին, պատերազմի պատճառով անօթևան մնացած մարդկանց մեծ թվին՝ ՀՀ-ն ունի 2021 թվականին տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն։ Նախարար Պապիկյանի խոսքով հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը զուգահեռ ՀՀ կառավարությունն առաջնահերթ է համարում ապահովել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների և ընթացիկ ծրագրերի անխափանությունը։

Նախարարը մանրամասնել է ՏԿԵ նախարարության առաջիկա ծրագրերը ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի արդիականացման ճանապարհաշինության, պատասխանատու հանքարդյունաբերության զարգացման, վարչատարածքային բարեփոխումների իրականացման և գործունեության այլ ուղղությունների շրջանակում։ Նախարարը նաև խոսել է պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շարունակականության մասին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ամրապնդման և  ընդլայնման շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել