Կառավարությունը որոշեց, որ Հայաստանում արդյունաբերական կանեփ կմշակվի |tert.am|
12:38 - 04 փետրվարի, 2021

Կառավարությունը որոշեց, որ Հայաստանում արդյունաբերական կանեփ կմշակվի |tert.am|

tert.am: Կառավարությունը քննարկեց և ընդունեց Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին նախագիծը:

Զեկույցով հանդես եկավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նշեց, որ ծրագրի նպատակային գործողությունների առանցքում են գյուղատնտնեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծվող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը:

«Այստեղ կարող եմ շատ կոնկրետ օրինակ բերել, դա արդյունաբերական կանեփն է, որի արտադրության բավականին դրական փորձ ունի ՌԴ-ն, ԱՄն-ն և Չինստանը, մենք նույնպես կարգավորումների առումով շատ արագ լուծելու ենք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով նախագծին՝ հայտարարեց. «Այստեղ մի հարց եմ տեսնում, պարոն Ավինյան, Դուք նշեցիք արդյունաբերական կանեփի մշակման հետ կապված հարցը, ենթադրում եմ, որ սա բազմաթիվ շահարկումների տեղիք է տալու, շատ կարևոր է, որ ծրագիրը շատ ճիշտ ու մանրամասն լուսաբանվի, որ մարդիկ ու հանրությունը ամբողջական տեղեկատվություն ունենան, թե ինչի մասին է: Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է և տվյալ դեպքում խոսքը արդյունաբերական հումքի մշակման մասին է, որն իր հետ իհարկե զուգահեռ ռիսկեր ունի և այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան»:

Փաշինյանը հավելեց՝ շատ ուշադիր պետք է ծրագիրը առաջ տանեն:

Ավինյանն էլ նշեց, որ ուսումնասիրվել է Չինաստանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի փորձը, արդեն կա նախնական հայեցակարգ և կարգավորումների մոտավոր պատկերացումները ևս կան, և որ խոսքը վերաբերում է միայն արտադրական կանեփին: «Դա կբերի հողերի օգտագործմանը, գիտենք, որ մեր մշակվող հողերի 40 տոկոսը չեն օգտագործվում»,- ասաց նա:

Նախագծով առաջարկվում է լուծել նաև պետական գույքի մասնավորեցման հարցը: Նիկոլ Փաշինյանը այստեղ նշեց, որ կարևորում է նաև պետական գույքերի մասնավորեցման ծրագրի իրականացումը: «Այստեղ ունենք ընթացակարգերը և առաջարկները բարելավելու խնդիր և ի վերջո մեր առաջարկը ներդրողների համար առավել գրավիչ դարձնելու խնդիր, դա պետք է հրատապ կերպով լուծել»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել