Գեղարքունիքի մարզպետարանը կհամագործակցի ԿԽՄԿ hայաստանյան գրասենյակի հետ
16:33 - 04 փետրվարի, 2021

Գեղարքունիքի մարզպետարանը կհամագործակցի ԿԽՄԿ hայաստանյան գրասենյակի հետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Քարամյանը, իրենց այցի նպատակը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալելն է՝ կապված 2020 թվականի Արցախյան պատերազմի հետեւանքների վերացման կամ մեղմման, պատերազմից տուժած բնակչության հիմնախնդիրների կարգավորման հետ։

«Մենք կարեւորում ենք համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ, դրա համար կցանկանայինք լսել ձեր մտահոգություններն ու առաջարկությունները, ծանոթանալ տեղահանված կամ սահմանամերձ համայնքներում բնակվող մարդկանց կարիքներին»,-նշեց Արմեն Քարամյանը։

Մարզպետ Գնել Սանոսյանը խոսեց պատերազմի ընթացքում եւ հետպատերազմական ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում ի հայտ եկած հիմնախնդիրների մասին, որոնք առկա են մի շարք ուղղություններում եւ պահանջում են առաջնահերթ կարգավորումներ։

«Ողջունելի է, որ հետպատերազմական ժամանակաշրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ցանկություն է հայտնել գործունեություն ծավալել Գեղարքունիքի մարզում։Մենք պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան ժամանակահատվածում համագործակցել ենք Հայկական Կարմիր խաչի հետ, ու վստահ եմ, որ այս համագործակցությունը եւս արդյունավետ ընթացք կունենա։ Մեր մարզում պատերազմի հետեւանքների մեղմման կամ վերացման նպատակով տրամադրվող աջակցության կարիքները կարելի է բաժանել մի քանի ուղղությունների՝ աշխատանք զոհվածների, վիրավորների, անհետ կորածների, Արցախից տեղահանվածների եւ սահմանամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների հետ։ Վերջին երկու տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սահմանամերձ բնակավայրերում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել ենթակառուցվածքների կարգավորման ուղղությամբ, սակայն դեռեւս անելիքներ կան»,-ներկայացրեց մարզպետ Գնել Սանոսյանը։

Այնուհետև մարզպետն ըստ ոլորտների ներկայացրեց իրավիճակը, մասնավորապես անդրադառնալով այն խնդիրներին, որոնք ի հայտ են եկել պատերազմի հետեւանքով եւ անմիջապես առնչվում են առավել խոցելի խմբերի հետ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ Ինսկե Վանդորմայլը եւ Միքայել Ռիեպլը հետաքրքրվեցին աջակցության հետ կապված առաջնահերթ խնդիրներով եւ անելիքներով, միաժամանակ շեշտելով, որ իրենք ցանկանում են մարզպետարանի հետ համատեղ գնահատել բոլոր կարիքները եւ տարբեր ծրագրերի իրականացմամբ սկսել աջակցության գործընթացը։

«Մենք նյութական ու մասնագիտական աջակցություն կցուցաբերենք նաեւ դատաբժշկական ոլորտում։ Անհետ կորածների հարցերով կաջակցենք ոչ միայն Արցախյան վերջին, այլ նաեւ առաջին պատերազմի ժամանակ տուժած ընտանիքներին։ Դրա համար ցանկանում ենք անձամբ խոսել պատերազմից տուժած ընտանիքների հետ, մոտիկից ծանոթանալ բոլոր առկա հիմնախնդիրներին ու փորձել դրանք կարգավորել։ Մեզ նաեւ հետաքրքրում է, թե որքանով են ինտեգրվում Գեղարքունիքի մարզում Արցախից տեղահանված ընտանիքները»,-նշեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի համագործակցությունը կտա ցանկալի ու տեսանելի արդյունքներ։«Մենք պետք է լինենք մշտական շփումների մեջ, ոլորտ առ ոլորտ վեր հանենք ու համաձայնեցնենք կարիքների գնահատման ու կարգավորման առաջնահերթությունները։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը Գեղարքունիքի մարզում մեծապես կնպաստի հետպատերազմական ժամանակահատվածի խնդիրների կարգավորմանը»,-եզրափակեց Գեղարքունիքի մարզպետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել