Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը շնորհավորեց պարոն Յոնգին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է և ընդգծեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Կարևորելով համագործակցությունն օրենսդիր մարմինների միջև՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձավ անցած տարի կայացած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի այցին Հայաստանի Հանրապետություն: «Անկասկած, այցը նոր ազդակ հաղորդեց երկու երկրների համագործակցությանը»,-ասաց խորհրդարանի ղեկավարը: Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ համավարակի ավարտից հետո անհրաժեշտ է ակտիվացնել անձնական շփումները խորհրդարանականների և պատվիրակությունների միջև:

Երկկողմ փոխգործակցության համատեքստում Արարատ Միրզոյանը նաև նշեց Ազգային ժողովի և դեսպանության միջև ակտիվ ու արդյունավետ շփումները:

Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով հայ ռազմագերիների և գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Ընդգծվեց Հայաստանի պատրաստակամությունն անհապաղ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքները քննարկելու համար: Այս առումով չափազանց կարևորվեց Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման համար:

Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման համատեքստում խորհրդարանի խոսնակը կարևորեց նաև Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ձևաչափը կարող է իր ներդրումն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի կայուն զարգացման հարցում:

Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը մշտապես սատարել է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը:

Ա. Միրզոյանը բարձր գնահատեց նաև Չինաստանի տեխնիկական և տնտեսական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը:

Շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովում ընդունելության համար՝ դեսպան Յունն Արարատ Միրզոյանին փոխանցեց իր չինացի գործընկերոջ՝ Լի Ճանշուի ջերմ ողջույնները:

Դեսպանը վստահեցրեց, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը և ինքը՝ որպես առաքելության նորանշանակ ղեկավար, կանի հնարավորն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու Հայաստան-Չինաստան հարաբերությունները:

Միանգամայն կիսելով խորհրդարանի ղեկավարի գնահատականները ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տկն. Շըն Յուեյուեի ղեկավարած պատվիրակության այցի մասին՝ դեսպան Յունը շեշտեց, որ վերջինս հիացած էր Հայաստանով և հիանալի հուշեր ունի: Պատրաստակամություն հայտնվեց էլ ավելի ակտիվացնելու և խորացնելու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը: Այդ համատեքստում կարևորվեց փոխադարձ այցերի նշանակությունը և Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ դեսպան Յունը նշեց, որ Չինաստանը ողջունում է եռակողմ հայտարարությունը, կարևորում է դրա իրագործումը և տեղյակ է մարդասիրական բնույթի խնդիրներից: Նա ընդգծեց, որ ՉԺՀ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիահույս է, որ հնարավոր կլինի լուծել բոլոր հարցերը:

Դեսպան Յունը մեծ գոհունակությամբ նշեց նաև այն հանգամանքը, որ անցած տարվա ընթացքում ՀՀ-ի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճ է գրանցել՝ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին:

Հանդիպման ավարտին Ա.Միրզոյանը շնորհավորեց դեսպան Ֆան Յունին Չինաստանի նոր տարվա՝ «Գարնան տոնի» կապակցությամբ: