Տասը տարի անց գերհարստացված ուրանի գործը նորից դատարանում է |hetq.am|
18:41 - 06 փետրվարի, 2021

Տասը տարի անց գերհարստացված ուրանի գործը նորից դատարանում է |hetq.am|

hetq.am: Տասը տարի առաջ ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությանը և գերհարստացված ուրանի մաքսանենգությանն օժանդակելու համար դատապարտված Գարիկ Դադայանի գործը նորից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2018 թ. սեպտեմբերին վճիռ է հրապարակել, ըստ որի՝ Հայաստանը խախտել է Գարիկ Դադայանի արդար դատաքննության իրավունքը։ ՄԻԵԴ-ը դիրքորոշում է հայտնել, որ Գ. Դադայանի դեմ երկու առանցքային ցուցմունքները չէին կարող դրվել նրա մեղադրական դատավճռի հիմքում և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Գ. Դադայանին 3400 եվրո փոխհատուցում վճարել։

ՄԻԵԴ-ի վճռից հետո Դադայանը նոր հանգամանքի հիմքով դիմել է Վճռաբեկ դատարան: Դատարանը բեկանել է նրա վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. մայիսի 25-ի կայացրած դատավճիռը, և գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։  

                                            Գործի նախապատմությունը

2010թ. մարտին Վրաստանի իրավապահները միջուկային նյութի մաքսանենգություն կատարելու կասկածանքով ձերբակալել են Հայաստանի քաղաքացիներ, ֆիզիկոս Հրանտ Օհանյանին և գործարար Սումբատ Տոնոյանին։ Ըստ քրգործի՝ վերջիններս 17 գրամ բարձր հարստացման (89.4%) ուրանը Երևան-Թբիլիսի գնացքով տեղափոխել են Վրաստանի մայրաքաղաք՝ նպատակ ունենալով այն վաճառել մի անձնավորության, որը ներկայացել է որպես «միջուկային նյութով հետաքրքրված լուրջ կազմակերպության անդամ»: Սակայն, իրականում, վերջինս եղել է վրացական հատուկ ծառայությունների գործակալ: Երբ հայազգի գործարարն ու ֆիզիկոսը հյուրանոցում «գնորդին», իբրև նմուշ, ներկայացրել են հիշյալ 17 գրամ ուրանը, իրավապահները նրանց ձերբակալել են։

Տոնոյանն ու Օհանյանը Վրաստանում քննվող քրեական գործով հայտնել են, որ ուրանը ձեռք են բերել Գարիկ Դադայանից, ով, ի դեպ, նախկինում դատապարտված է եղել գերհարստացված ուրանի մաքսանենգության համար։ Վերը նշված դեպքի առթիվ Հայաստանում ևս քննություն է սկսվել: Ազգային անվտանգության ծառայությունը Դադայանին մեղադրանք է առաջադրել ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության և գերհարստացված ուրանի մաքսանենգությանն օժանդակելու հոդվածներով։

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է միայն Գ. Դադայանի վերաբերյալ քրեական գործը, իսկ Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի վերաբերյալ գործն, ինչպես նշեցինք, քննվել է Վրաստանում: Վերջիններս դատապարտվել են համապատասխանաբար 14 և 13 տարվա ազատազրկման, իսկ Հայաստանում քննվող գործով Դադայանը մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող արարքներում ու դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման։

ՀՀ Նախագահի՝ 2015 թվականի սեպտեմբերի 24-ի հրամանագրով Գ. Դադայանին շնորհվել է ներում, նշանակված պատժաչափը կրճատվել է 1 տարի ժամկետով և թողնվել է կրելու ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով: 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Գ. Դադայանն ազատ է արձակվել՝ կրելով նշանակված պատիժը: Նշենք, որ Դադայանն ազատամարտիկ է՝ ծնունդով ԼՂՀ Ասկերանի շրջանի Բալուջա գյուղից է, հայտնի է «Հաչաբաշ» մականունով: Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Բալուջայի վաշտի հրամանատարը, արժանացել տարբեր պարգևների, այդ թվում' Շուշիի ազատագրման շքանշանի։

Գ. Դադայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատարանում զրկված է եղել իր դեմ ցուցմունք տված անձանց՝ Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի հակընդդեմ հարցման իրավունքից։

Մեզ հետ զրույցում Դադայանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասաց, որ ըստ քրեական գործի, գերհարստացված ուրանը պաշտպանիչ տարայի մեջ չի եղել: Նման պայմաններում, ըստ փաստաբանի, այն պետք է հայտնաբերվեր սահմանային հսկիչ սարքերի միջոցով։ Տարիներ առաջ՝ գործի քննության ընթացքում, պաշտպանը հարցում է կատարել և փորձել պարզել, թե այն ժամանակ երբ, ըստ քրեական գործի, ուրանը Հայաստանից տեղափոխվել է Վրաստան, հայկական և վրացական սահմանին տեղադրված սարքերն աշխատե՞լ են: Նրան պատասխանել են, որ սարքերն աշխատել են, եթե ծխախոտի տուփի մեջ, առանց պաշտպանիչ տարայի, գերհարստացված ուրան տեղափոխվեր, չէր կարող չհայտնաբերվել։

Փաստացի, Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի՝ Վրաստանում տված ցուցմունքները հակասել են Գ. Դադայանի գործով ձեռք բերված այս տվյալին։ Դատարանում գործի քննության ընթացքում հայկական կողմը իրավական օգնություն ստանալու միջնորդությամբ դիմել է Վրաստանին, որպեսզի այնտեղից Ս. Տոնոյանն ու Հ. Օհանյանը հարցաքննվելու նպատակով տեղափոխվեն Հայաստան, սակայն վրացական կողմից մերժել է միջնորդությունը՝ չնայած միջազգային, ինչպես նաև հայ-վրացական պայմանագրով ստանձնած պարտավորություններին։

Կարեն Սարդարյանն ասում է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը, փաստացի, գործով առանցքային վկաներին հարցաքննելու վերաբերյալ իրենց միջնորդությունը հիմնավոր է համարել, բայց նրանց հարցաքննելու անհնարինությունը մեկնաբանել է ի վնաս պաշտպանական կողմի և Գ. Դադայանի վերաբերյալ այդ անձանց՝ Վրաստանում տված ցուցմունքների հիման վրա մեղադրական դատավճիռ է կայացրել։

ՄԻԵԴ-ը Գ. Դադայանի գործով վճռում փաստել է, որ թեև մարզային դատարանը մեղադրական դատավճռի հիմքում այլ ապացույցներ ևս դրել է, սակայն Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի ցուցմունքներն են եղել միակ և վճռորոշ ապացույցները, որով դատարանը եզրահանգել է, որ Գ. Դադայանը գերհարստացված ուրան է տվել Վրաստանում դատապարտված անձանց։

Այսպիսով, Եվրոպական դատարանը եկել է եզրահանգման, որ հայկական կողմը իրավունքի խախտում է թույլ տվել, երբ առանց հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելու՝ Դադայանի և Տոնոյանի ցուցմունքները դրել է մեղադրական դատավճռի հիմքում։ Բացի այդ, դատարանը նաև վրացական կողմի խախտումն է արձանագրել՝ կապված վկաներին հարցաքննելու նպատակով չհանձնելու հանգամանքի հետ։ Ստացվում է, որ թեև Գ. Դադայանն ընդդեմ Հայաստանի է դիմել ՄԻԵԴ, սակայն Եվրոպական դատարանը նրա բողոքի հիման վրա, իրավունքի խախտման փաստ է արձանագրել երկու պետությունների համար։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել