Ադրբեջանը արհեստական ձգձգում և քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ նրանց ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
21:34 - 06 փետրվարի, 2021

Ադրբեջանը արհեստական ձգձգում և քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ նրանց ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հետ: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանը ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու լարվածություն առաջացնելու նպատակով: Դրանից բացի, Պաշտպանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների խախտումները սահմանների որոշման գործընթացում:

Մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև Արցախից Հայաստան տեղափոխված անձանց իրավունքների երաշխավորման հարցը։ Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով տեղահանված մարդկանց համար։

Առաջիկայում կհրապարակվի նաև արտահերթ զեկույց, որտեղ տեղ են գտել երկրում ռազմական դրություն հայտարարվելու օրվանից սկսած Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված և մինչ օրս իրականացվող անհատական դիմումների (գրավոր և բանավոր) քննարկման, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, Հայաստանում Արցախից տեղահանված անձանց բնակության վայրեր (կացարաններ, ժամանակավոր կայանման կետ, մասնավոր տներ) իրականացված այցերի արդյունքում արձանագրված կարիքները, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովման խնդիրները:

Կողմերը ընդգծել են երկու կառույցների միջև բարձր համագործակցությունն ու փոխադարձ վստահությունը, ինչպես նաև պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել