Ավագանին որոշեց վճարում կատարած անձանց թույլատրել շարունակել ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը

 |armenpress.am|
19:10 - 09 փետրվարի, 2021

Ավագանին որոշեց վճարում կատարած անձանց թույլատրել շարունակել ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը |armenpress.am|

armenpress.am:  Երևանի ավագանին 6-րդ նստաշրջանի 1-ին նիստին որոշեց ֆիզիկական և իրավաբանական այն անձանց, ովքեր կատարել են տարեկան տեղական վճարումը, իրավունք տալ շարունակելու կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը:

Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարան աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը՝ ներկայացնելով 2013-2020 թթ. ընթացքում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

«Երևան քաղաքի ավագանու 2013-2020 թթ. համապատասխան որոշումների հիման վրա ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանցից 14-ը դիմել են Երևանի քաղաքապետին, վճարելով սահմանված չափով տարեկան տեղական վճարը՝ կազմակերպված և գործող ավտոկայանատեղերը 2021թ-ի ընթացքում շահագործելու շարունակման իրավունք ստանալու խնդրանքով։ Ելնելով վերոգրյալ իրավական ակտերի պահանջներից և սահմանված դրույթներից` նախապատրաստվել է Երևան քաղաքի ավագանու «Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին» որոշման նախագիծ»,- նշեց Գալստյանը:

Նա նշեց, որ տարվա սկզբից առաջ համապատասխան գրություններ ու ծանուցումներ է ուղարկվում նախորդ տարում արտոնություն տրված բոլոր տնտեսվարողներին, որտեղ նշվում է, որ իրենք պարտավոր են թարմացում իրականացնել:

«Նրանց հիշեցնում են նաև, որ հաջորդ տարվա համար իրենք կրկին պետք է դիմում ներկայացնեն, ինչպես նաև դիմումին կից իրազեկեն աշխատանքների վերաբերյալ»,- ասաց Տրանսպորտի վարչության պետը:

Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումներից մեկով սահմանվել է Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպման կարգը:

Հարակից զեկուցող՝ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Գալաջյանը հայտնեց, որ իրենք տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց 31 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել