Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հանդեպ կիրառել սահմանների  շրջափակում. Արա Այվազյան
18:11 - 10 փետրվարի, 2021

Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հանդեպ կիրառել սահմանների շրջափակում. Արա Այվազյան

Առկա է նոր իրավիճակ և նոր իրողություն, որն առաջ է բերում նոր մարտահրավերներ․ վիճակը, անշուշտ, շատ բարդ է, և մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ շեշտելով, որ դա հեշտ հարց չէ, ու սա աշխարհաքաաքական իրավիճակի ընդհանուր  արտացոլումն է․

«Բնականաբար, որպես պետություն, որպես կառավարություն, որպես հասարակություն մենք պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, որը կբերի նաև ՀՀ շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը։ Դիվանագիտության համար նույնպես առաջնային է անվատանգության ամրապնդումը»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ  անվտանգային մթնոլորտն ունի շատ տարրեր՝ սկսած ներքին անդորրի ամրապնդումից։ Ըստ Այվազյանի՝ դրանց մեջ մտնում է նաև Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորումը։

Խոսելով Կարսում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին՝ նախարարը շեշտեց, որ ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է տալիս․

«Մի կողմից մենք տեսնում ենք նման դրսևորումներ, և մյուս կողմից տեսնում ենք նույն Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ։ Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ինչ-որ ուղեևձներ հասցնել, բայց, հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը, ես կարծում եմ, որ ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ նախ և առաջ գործողություններով։ Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո պետք է վերադառնա բնականոն գործընթաց, և խոսքն այն մասին է, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում․ ինչպես գիտեք՝ սահմանների փակումը կապված էր Արցախի ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ Թուրքիան այլևս Հայաստանի հետ սահմանը փակ պահելու պատճառ չունի։

Այվազյանը հավելեց, որ այս պահի դրությամբ, որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը  և երկրի  դիվանագիտությունը  գործուն ջանքեր են գործադրելու, որպեսզի պետության  անմիջական շրջապատը դառնա նպաստավոր՝ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ 

ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը, արձագանքելով նախարարի պատասխանին, ասաց, որ, հաշվի առնելով պատմության փորձը, ինքը կարծում է՝ սահմանների շրջափակման հարցի կարգավորումը կարող է մեկ այլ, ավելի բարդ խնդրի առաջ կանգնեցնել մեզ, քանի որ գործ ունենք Թուրքիայի հետ․

«Ես չեմ ուզում խոսել տնտեսական, ֆինանսական ծանր հետևանքների մասին։ Ձեր պատասխանի հիմքում դնում եք այնպիսի մի ձևակերպում, առ որի մենք չունենք խնդիր, բայց մենք ունենք խնդիրներ, և դրանք շարունակում են մնալ չլուծված և օրհասական։ Երբ հարևան երկու պետությունները  թշնամական հռետորաբանությամբ իրականացնում են նման մասշտաբի զորավարժություններ, դա անմիջական սպառնալիք է»,- ասաց Գևորգյանը։ 

Նախարարը մեջբերեց իր խոսքը՝ կրկին հաստատելով, որ ցանկացած զորավարժություն մտահոգության տեղիք է տալիս և մեր դիվանագիտությունը պետք է բոլոր ջանքերը ներդնի երկրի շուրջ անվտանգային մթնոլորտ ստեղծելու համար։ 

«Բնականաբար, ապագայում ապաշրջափակումը և՛ ստեղծելու է հնարավորություններ, և՛ լուրջ մարտահրավերներ։ Մենք պետք  է պատրաստ լինենք և՛ դիմակայել այդ մարտահրավերներին, և՛ օգտվել ընձեռած հնարավորություններից։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար, մեր դիվանագիտության համար պետք է, մեր պետության և ժողովրդի համար պետք է մեր շուրջը ձևավորել բարենպաստ մթնոլորտ՝ չխախտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը»,- եզրափակեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել