Գործադիրն առաջարկում է վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցումն ավելի քիչ չափով բարձրացնել |armenpress.am|
11:05 - 11 փետրվարի, 2021

Գործադիրն առաջարկում է վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցումն ավելի քիչ չափով բարձրացնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է «Իմ քայլը»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանի առաջարկած՝ վիրավորանքի և զրպարտության համար նյութական փոխհատուցման ավելի բարձր սահմանաչափերը փոփոխել՝ սահմանելով ավելÇ նվազ սահմանաչափեր՝ 2 մլն դրամ և 3 մլն դրամ: Այս մասին Սիմոնյանի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծով, մասնավորապես, առաջարկում է վիրավորանքի համար մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 միլիոնի փոխարեն մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ:

Փոխնախարարի խոսքով՝ թեև կա մինչև 2 մլն դրամի սահմանաչափ, սակայն դատարանները կիրառում են 50-150 հազար դրամի չափով սանկցիա: Առավելագույն շեմի կիրառություններ գրեթե չեն հանդիպում: «Հետևաբար, մենք առաջարկում ենք, որ ողջամիտ հարաբերակցում, արդար հավասարակշռություն ապահովվի սահմանադրական երկու արժեքների միջև՝ խոսքի ազատության, ինչպես նաև պատվի, արժանապատվության սահմանադրական արժեքների միջև: Եվ առաջարկու ենք այս փոխհատուցման չափը բարձրացնել ոչ ավելի, քան, վիրավորանքի դեպքում՝ 2 մլն դրամը, իսկ զրպարտության դեպքում՝ 3 մլն դրամը՝ հաշվի առնելով նաև, որ քրեական պատասխանատվության դեպքում անգամ տուգանքը չի կարող գերազանցել 3 մլն դրամը»,-ասաց Վահե Դանիելյանը:

Նա նշեց, որ առաջնային նպատակը ոչ թե տուգանքն է, այլ հասցված վնասի փոխհատուցումը: Այսպիսով, նախարարության կարծիքով՝ վերին սահմանաչափը պետք է չգերազանցի, համապատասխանաբար, 2 մլն դրամը և 3 մլն դրամը:

ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը նշեց, թե ինքը կողմ է, որ զրպարտության համար անգամ ազատազրկում կիրառվի, սակայն հետաքրքրվեց, թե սանկցիաները բարձրացնելով որքանո՞վ են իրատեսական համարում նախագծի ի կատար ածումը:

Փոխնախարարն արձագանքեց՝ միայն սանկցիայի բարձրացմամբ մատնանշված խնդիրները չեն լուծվելու, դրա համար էլ առաջարկել են ավելի քիչ չափով բարձրացում՝ մինչև 2 մլն և 3 մլն սահմանաչափերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել