Անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները. ՀՀ ՄԻՊ
10:23 - 14 փետրվարի, 2021

Անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողների կողմից 2021թ. փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի հովիվի 173 գլուխ ոչխարը տանելու փաստը հաստատում է այն, ինչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մասնավորապես, երեկ Խնձորեսկի համայնքապետարանը հայտարարեց, որ փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ գյուղին հարակից արոտավայրերում արածեցրել է ընդհանուր թվով 185 մանր եղջերավոր կենդանիներ:

Արածեցնելու ընթացքում կենդանիների մի մասը մոտեցել է ադրբեջանական զինվորների կողմից վերահսկվող տարածքին, որից հետո ադրբեջանցի զինված ծառայողները տարել են 173 գլուխ ոչխար: Կենդանիները վերադարձվել են միայն ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողների ու Զինված ուժերի կորպուսի հրամանատարության բանակցություններից հետո:

Նշված տեղեկությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի մի շարք բնակիչներ ու համայնքային մարմինները: Ընդ որում, պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը պարզել է, որ հովիվն ինքն ուշադիր է եղել, բայց դեպքը տեղի է ունեցել, քանի որ կենդանիները սովոր են այդ տարածքներում արածելու և արոտավայրերն այնպիսին են, որ դժվար է լինելու վերահսկել կենդանիներին:

Այս ամենը հաստատում է, որ անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները, այդ թվում՝ կապված արոտավայրերն օգտագործելիս նրանց անվտանգության, ապրուստը հոգալու ու սեփականության իրավունքների վտանգների կամ խախտումների հետ: Նշվածը թույլ չտալու համար անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ ու գյուղացիների կարիքների ճիշտ գնահատում, բոլոր խնդիրների լիարժեք չեզոքացում»,- գրել է Թաթոյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել