Մեր ցանկացածը և մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան
 |tert.am|
22:03 - 15 փետրվարի, 2021

Մեր ցանկացածը և մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

-Բանակցային գործընթաց։ Պարո՛ն նախագահ, վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Ձեզնից իբրև ժառանգություն ստացել է բանակցային մի փաթեթ, որում բովանդակային բանակցություններ սկսել կամ շարունակել արդեն իսկ հնարավոր չէր։ Այդ հնարավորությունները սպառված էին, այդ պատճառով նա սկսել է իր կետից, ոչ թե Ձեր կետից, ինչպես ինքն էր բառացիորեն ասում, և ճշգրտում է, ասում է, որ Արցախի կարգավիճակի հետագա ճշգրտման որևէ հնարավորության մասին խոսք չի եղել Ձեր կողմից նրան թողած ժառանգության մեջ, փոխարենը խոսք է եղել միայն յոթ շրջանի անվերապահ հանձնման մասին, ընդ որում՝ որևէ երաշխիք չի եղել, որ Ադրբեջանը նոր պայմաններ կամ նոր պահանջներ մեզ չի ներկայացնի։ Այսինքն՝ փաստացի 2018-ի ապրիլին բանակցային գործընթացը եղել է փակուղում։ Այդպե՞ս է։

-Ոչ, միանշանակ ոչ։ Նրա ասածները խոսում են միայն ու միայն այն մասին, որ ինքը, նույնիսկ գրեթե երեք տարի աշխատելով որպես վարչապետ, այսինքն՝ լինելով գլխավոր բանակցող, այդպես էլ չի հասկացել բանակցությունների իմաստը, թե ընդհանրապես ինչ են բանակցում։ Ձեր ասած միտքը նա շարադրել է կապիտուլյացիայից հետո և միանգամից, առանց հապաղման համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչը՝ Պոպովը, միանգամից այդ փուչիկը պայթեցրել է։ Ինձ կարող են չհավատալ, բայց արդյո՞ք որևէ հիմք կա չհավատալու Պոպովին, որովհետև, եթե Պոպովի ասածը իրականությանը մի միլիմետր անգամ չհամապատասխաներ, ապա մյուս համանախագահները միանգամից կփորձեին նրան ուղղել, որովհետև ինչքան էլ հակասություններ ունենան ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան...

-...Արցախի հարցում համակարծիք են։

-Գոնե սա այն հարցն էր: Որովհետև նրանք համագործակցում էին և իրարից ոչինչ չէին թաքցնում։ Ես ուզում եմ սկզբունքային խնդիրներին անդրադառնալ, ասել հետևյալը, որ մենք երբեք, երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու։ Բայց բանակցությունները այս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էին, ինչը անհեթեթություն է, անհեթեթություն՝ միգուցե ինչ-որ չափով բնորոշ այդ կարգի մարդկանց համար։ Մեր ցանկացածը և մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում, երբեք։ Դա էր մեր կարմիր գիծը, և մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչև 2018-ի ապրիլի 23-ը։

-Տեսեք, վարչապետը մի հոդված գրեց՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ, որտեղ հիշատակել է և՛ Ձեր կառավարման շրջանը, և՛ Ապրիլյան պատերազմը, և՛ հռետորական հարցադրում է անում, ասում է՝ պատերազմ կանխող էիք Դուք, որ այսօր մեղադրում եք նրանց՝ պատերազմ չկանխելու համար, ապա ինչո՞ւ չկանխեցիք Ապրիլյան պատերազմը, կամ շարունակում է՝ Ապրիլյան պատերազմին հաջորդած երկու տարվա ընթացքում ինչո՞ւ մեզ համար հաղթական ելք չապահովեցիք։ Հիմա, տեսեք, պարո՛ն նախագահ, կարելի՞ է համաձայնել այն դիտարկմանը, որ 2020-ի պատերազմը առկախված, կանգնեցված, կասեցված Ապրիլյան՝ ավելի փոքր պատերազմի շարունակությունն էր, որովհետև մենք ի՞նչ գնով կանգնեցրինք Ապրիլյան պատերազմը։ Դուք ինձնից լավ գիտեք, որ, օրինակ՝ տվյալներ կան, որ մենք բանավոր համաձայնել ենք յոթ շրջանները զիջել՝ Ապրիլյան պատերազմը կանգնեցնելու գնով։

-Ոչ երբեք։ Այդպիսի տեսակետն իրականության հետ որևէ առնչություն չունի, իսկ այդ տվյալները, Դավի՛թ, կներեք, Դուք որտեղի՞ց եք ստացել։ Իրականության մեջ այդպիսի բան չի եղել։ Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ում դիմել է Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժեղ հակահարված, և, կրելով մեծ կորուստներ, ստիպված է եղել նստել բանակցային սեղանի շուրջ։ Ես այս մասին օգոստոսյան իմ ասուլիսի ժամանակ մանրամասն ասել եմ։

-Հայկական կողմը որևէ գին չի վճարել՝ այսպես ասենք։

-Մեզնից ակնկալվում էր, որ ստորագրենք հրադադարի նոր համաձայնագիր, ինչի հետ մենք բացարձակապես չհամաձայնեցինք, ասացինք՝ ոչ։ Գիտեք, եթե մենք այնտեղ այլ պայմանավորվածություններ ունենայինք, և քանի որ այդ հանդիպումը եղել է եռակողմ, ապա երրորդ կողմը, այսինքն՝ համանախագահ Ռուսաստանը, այդ մասին կհայտարարեր որևէ օր՝ գոնե այն պատճառով, որ ինքը այսպես իր վարկին վնաս չհասցնի, որովհետև չէր կարող ռուսական կողմն այդպիսի խոսակցության, այդպիսի պայմանավորվածության վկան լինել ու դրա մասին չհայտնել իր գործընկերներին՝ ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային։ Տեսնո՞ւմ եք՝ շրջանակն ինչքան է ընդլայնվում։ Այնպես, ինչպես ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Պոպովի շուրթերով հայտարարեց, թե ինչպիսի փաստաթուղթ էր սեղանին՝ մինչև 2018-ի գարնանային իրադարձությունները, այնպես էլ կհայտարարեր, որ այդպիսի պայմաններ են եղել։ Եվ, մյուս կողմից, եթե այդպիսի պայմանավորվածություն է եղել, բա ինչպե՞ս է սեղանին մինչև 2018-ը մնացել փաթեթային լուծման տարբերակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել