Երեք ժողովուրդների ընդունելի լուծման մասին ցնդաբանությունը բերեց պատերազմի․ Սերժ Սարգսյան
23:48 - 15 փետրվարի, 2021

Երեք ժողովուրդների ընդունելի լուծման մասին ցնդաբանությունը բերեց պատերազմի․ Սերժ Սարգսյան

«Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով պատերազմի ժամանակ ՀՀ-ի և ԱՀ-ի նախկին նախագահների հանդիպմանը, նշեց, որ այդ որոշումն աննախադեպ էր․ «Որոշում կայացրինք, որ անհրաժեշտություն կա Մոսկվա գնալու: Այդ առիթով անհրաժեշտություն կար  գործող իշխանությունների հավանությունը ստանալու այդ ուղևորության համար, բայց սրանց դա պետք չէր․ ամենայն հավանականությամբ պետք չէր, որովհետև որևէ կերպ չաջակցեցին, բայց կարծում եմ, դա օգտակար կլիներ: Շատերը հարցնում են՝ ի՞նչը օգտակար կարող էր լինել: Ասեմ, գոնե համանախագահող երկրներից գոնե մեկը, գոնե մեր դաշնակից երկրի ղեկավարությունը, ընդ որում՝ խոսքը ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին չէր, խոսքը ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպման մասին էր, գոնե, ինչպես ասացի, մեր դաշնակից երկրի ղեկավարությունը, համանախագահ երկրի ղեկավարությունը, կտեսներ, որ Հայաստանում նաև այլ կարծիք կա, և այդ կարծիքը լայն տարածում ունի: Սա էր ամբողջ նպատակը»:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ներկայիս իշխանություններն իրենց խորհուրդ են տվել ինքնուրույն գնալ և հանդիպել այլ պաշտոնյաների:

Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր, թե Արցախը Հայաստան է և վերջ, Սարգսյանը նշեց, որ համաձայն չէ, երբ Փաշինյանին մեղադրում  են այդ արտահայտությամբ բանակցային գործընթացին վնասելու համար։ Նրա խոսքով՝ հայտարարությունն ուղղված չէր Ադրբեջանին և համանախագահներին․ «Ես հասկացել եմ այլ բան, որ այդ հայտարարությունը ուղղված է հենց ԼՂ բնակչությանը: Ի՞նչ էր ասում, ասում էր՝ ես եմ այստեղ տերը, տիրակալը, և ես եմ ասում, թե ում պետք է նախագահ ընտրեք:  Դա հետո երևաց նախագահական ընտրությունների ժամանակ և այլն, և այլն: Այսինքն՝ իրեն պետք էր Ղարաբաղում խամաճիկ ղեկավարություն, որպեսզի որևէ կերպ որևէ հարցում փոքր իսկ հակադրություն չցուցաբերեր, և նա հասավ իր նպատակին: Ես հստակ ասում եմ՝ երբեք Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությունը այդքան չէր նսեմացվել, չէր ցածրացվել, ինչպես 2018-ից հետո»: 

Սարգսյանի խոսքով՝ նման բան չի եղել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերություններում, ո՛չ դրանից հետո, երբ Քոչարյանը ՀՀ նախագահն էր, Արկադի Ղուկասյանը՝ Լեռնային Ղարաբաղի, ոչ էլ, երբ  ինքն էր ՀՀ նախագահը, Բակո Սահակյանը՝ ԼՂ-ի:

«Եթե ՀՀ անկախության տարեդարձի միջոցառմանը ՀՀ նախագահի, վարչապետի, Վեհափառ հայրապետի, Ղարաբաղի նախագահի ներկայությամբ հիմարաբար ասում են՝ Լեռնային Ղարաբաղի մարզպետ, ու որևէ մեկը որևէ ռեակցիա չի տալիս, ինչո՞ւ պետք է Ադրբեջանը կամ համանախագահներն ասեն՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ  դա քաղաքական միջոցառում էր, և քաղաքական կոպիտ սխալը պետք էուղղել տեղում:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունների՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու թեզի նկապատակներից մեկը ժամանակ ձգձգելն էր․ «Մենք ժամանակին զգուշացրել էինք այդ թեզի վտանգավորության մասին: Արմեն Աշոտյանի բերանով, Շարմազանովի բերանով, տարբեր քաղաքական գործիչների բերանով զգուշացրել էինք, որ սրան հետևելու է կոշտ վերաբերմունք, սրան  հետևելու է, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի վերականգնման պրոցես»։

Սարգսյանի խոսքով պատերազմի ընթացքում ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքի խախտումները համանախագահները չէին արձանագրում, քանի որ բազմաթիվ անգամ հաշվի չեն առել նրանց ասածները․ «Երբ դու համանախագահներից գաղտնի, թաքուն բանակցությունների մեջ ես մտնում Ալիևի հետ, երբ դու ասում ես՝ այն, ինչ դուք ասել եք, պարոնա՛յք համանախագահներ, թողեք մի կողմ, ես այսպես եմ ուզում: Կարծում եմ, մենք մարտավարական սխալ թույլ տվեցինք՝ անդրադառնալով իրադարձություններին, էվոլյուցիան ցույց չտալով: Այսինքն՝ ի՞նչ հետևեց դրան, երբ այս կապիտուլանտը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանը- խմբ․) սկսեց հայտարարել, որ իր կետից է բանակցում, որ ամեն ինչ վատ է, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին և այլն, դրանք խոսքեր էին, բայց դրանք դարձան փաստաթուղթ 2018-ի ավարտին, երբ առաջին անգամ տասը տարվա ձևակերպումներից հետո երեք սկզբունքները ԵԱՀԿ նախարարական համաժողովում փոխվեցին արդար հանգուցալուծման: Եթե դու հրաժարվում ես սկզբունքներից, այդ թվում՝ ուժի  չկիրառման, համանախագահներն ի՞նչ պետք է անեին, եթե դու չես ուզում, որ այդ սկզբունքը լինի: Հետո, երևի ուրիշների հուշումով հասկանում ես, որ դա շատ կարևոր է, փորձում ես նորից ասել, որ Մադրիդյան սկզբունքները պիտանի են, հետո նորից ինչ-որ ցնդած Մյունխենյան սկզբունքներ ես առաջ քաշում, համանախագահները ո՞նց կողմնորոշվեն»։

Սերժ Սարգսյանի համոզմամբ՝  Փաշինյանի հայտարարությունը՝ երեք ժողովուրդների համար հակամարտության ընդունելի լուծման մասին, իր խոսքերով, ցնդաբանությունը բերեց պատերազմի, որովհետև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելին դա էր․ «Ի՞նչ է նշանակում երեք ժողովուրդների․ այսինքն` մենք Ղարաբաղի հետ երկու ժողովո՞ւրդ ենք, մենք տարբե՞ր ժողովուրդներ ենք: Ախր ամեն մի, այսպես ասած, առաջին հայացքից ընդունելի, իրենց կարծիքով՝ ժամանակակից ձևակերպումներով կարելի է ցանկացած հիմարություն այդպես փաթեթավորել․ արդյունքը տեսանք ինչ եղավ»: 

Անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ և՛ մենք ենք կառուցողական, և՛ Ադրբեջանն է կառուցողական, Սարգսյանը նշեց․ «Դուք բերեք գեթ մեկ օրինակ, որ որևէ հակամարտող երկրի նախագահ կամ ղեկավար կառուցողական անվանի մյուս կողմի ղեկավարին:  Կարելի է նրան գրագետ, քաղաքակիրթ անվանել, բայց ի՞նչ կառուցողական: Եթե կառուցողական է, եթե Ալիևի քայլերը կապիտուլանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է  բացատրի՝ այդ որ քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել , թե՞ գաղտնի խոստումներ են տվել իրար, և Ալիևն այդ խոստումները չի կատարել: Մյուս կողմից էլ Ալիևն ասում է, որ հայկական կողմն իր տված խոստումները չի կատարել: Ալիևը բազմիցս ստորացրեց, ինչ ասես ասաց, որևէ պատասխան չհետևեց, իսկ մինչ պատերազմը, երբ ես փորձեցի ինչ-որ կերպ արձագանքել Ալիևին, Ալիևն ու այս կապիտուլանտը միացան և սկսեցին իմ դեմ պայքարել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել