ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատեց պաշտոնատար անձանց հրավիրելու սկզբունքը և ժամկետները |1lurer.am|
13:12 - 16 փետրվարի, 2021

ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատեց պաշտոնատար անձանց հրավիրելու սկզբունքը և ժամկետները |1lurer.am|

1lurer.am: Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշեց իրավասու պաշտոնատար անձանց հանձնաժողով հրավիրել և նրանց պարզաբանումները լսել Կառավարությունից իրենց կողմից ուղարկված հարցերի պատասխանները ստանալուց հետո: Այս հարցում հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք էին: 

Հանձնաժողովի անդամները կարծում են, որ այդկերպ հնարավոր կլինի խուսափել կրկնակի աշխատանքից, կրկնվող հարցերից, պաշտոնյային կտրվեն միայն այն հարցադրումները, որոնց վերաբերյալ պատասխաններում անորոշություն կամ բացեր կան:  

Նշենք՝ Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցադրումներին պետք է պատասխանի երկու շաբաթվա ընթացքում: 

Իսկ թե պաշտոնատար անձինք ինչ սկզբունքով և ինչ հերթականությամբ պետք է հրավիրվեն հանձնաժողով, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, օրինակ, կարծում է, որ առաջինը պետք է ներկայանա այն իրավասու պաշտոնյան, որը որոշել է, թե երբվանից պետք է արտակարգ դրություն սահմանվի, և սահմանափակումներ մտցվեն: «Պետք է հասկանանք՝ որոշումը ճիշտ ժամանակի՞ն է կայացվել, թե՞ ոչ, ավելի շո՞ւտ էր պետք կամ ավելի ո՞ւշ»,- նշեց Մելքումյանը:  

Քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի խոսքով՝ հանձնաժողով որևէ պաշտոնատար անձի հրավիրելը չի կարող ինքնանպատակ լինել : «Եթե հարցադրման պատասխանը բավարարում է, հարցը դուրս է գալիս, պաշտոնյային տրվում են լրացուցիչ հարցեր: Ամրագրենք՝ հրավիրում ենք մեր հարցադրումների պատասխանները ստանալուց հետո»,- ասաց նա: 

Խաչատրյանը նաև հայտնեց, որ փորձագետները նույնպես կարող են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն նրանք կհրավիրվեն միայն քննիչ հանձնաժողովին խնդրի շուրջ տեղեկություն տրամադրելու դեպքում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել