Սյունիքում ԱԱԾ գործողություններում իրավական հիմքեր փնտրել պետք չէ
18:41 - 11 մարտի, 2021

Սյունիքում ԱԱԾ գործողություններում իրավական հիմքեր փնտրել պետք չէ

Լուսանկարը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքից

Արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից ու, մասնավորապես, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պարզ դարձավ, որ խնդրահարույց իրավիճակներ են լինելու ոչ միայն ԱՀ տարածքում, այլեւ Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ։ Խոսքը հատկապես Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերին է վերաբերում, ինչի մասին անցած տարվա վերջին՝ դեկտեմբերի 24-ին, խոսեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստում նա շեշտեց, որ Սյունիքի Որոտան և Շուռնուխ գյուղերում սահմանի հետ կապված որոշակի ցավոտ իրավիճակներ կարող են առաջանալ։ Այժմ, փաստացի, Շուռնուխի եւ Որոտանի որոշ հատվածներ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո են։

Այս տարվա փետրվարի 7-ին Infocom-ի նկարահանող խումբն այցելել էր Սյունիք՝ զրուցելու Որոտան եւ Շուռնուխ գյուղերի բնակիչների հետ, ծանոթանալու տիրող մթնոլորտին եւ լուսաբանելու առկա իրավիճակն ու քաղաքացիների տրամադրությունները։

Բայց տեղում բախվեցինք մի իրավիճակի, երբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները թույլ չտվեցին մտնել Շուռնուխ։ Մեր բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ նշեցին, որ ԱԱԾ-ից հատուկ թույլտվություն է պետք, ինչի մասին, սակայն, մինչ այդ պահը հայտնի չէր։

ԱԱԾ մամուլի խոսնակը մեր զանգերին չպատասխանեց, ուստի կապ հաստատեցինք ԱԱԾ «Թեժ գիծ» ծառայության աշխատակցի հետ, որը տեղեկացրեց, որ կան լուսաբանման սահմանափակումներ, ու Շուռնուխ մտնելու համար պետք է ԱԱԾ տնօրենի թույլտվությունը։ Մեր այն դիտարկումներին, որ որեւէ սահմանափակման մասին հաղորդագրություն չի հրապարակվել, իրազեկում չի եղել, այդ դեպքում լրագրողը որտեղի՞ց պետք է իմանար հատուկ թույլտվություն ստանալու մասին, ԱԱԾ աշխատակիցը չկարողացավ պատասխանել ու ժամանակ խնդրեց՝ որեւէ լուծում գտնելու համար, ապա մոտ մեկ ժամ անց տեղեկացրեց, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողի ուղեկցությամբ կարող ենք մտնել գյուղ, ինչը մեզ համար, ըստ էության, արտառոց չէր։ ԱԱԾ ՍԶ ծառայողը, սակայն, տեղեկացրեց, որ միայն մի քանի լուսանկար անելու հնարավորություն ունենք։ Մեր ճշտող հարցին՝ իսկ քաղաքացիների հետ զրուցել, նրանց նկարահանել չե՞նք կարող, բացասական պատասխան ստացանք։ Դարձյալ կապ հաստատեցինք ԱԱԾ «Թեժ գծի» ծառայողի հետ՝ պարզելու՝ ի՞նչ տրամաբանությամբ է արգելվում զրուցել քաղաքացիների հետ,  նրանց խոսքի ազատության իրավունքն ի՞նչ իրավական հիմքով է սահմանափակվում, արդյոք Շուռնուխից դուրս կարո՞ղ ենք զրուցել ու նկարահանել Շուռնուխի բնակիչներին, ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել սահմանափակումների մասին․ մեր հարցերն անպատասխան մնացին, միակ մեկնաբանությունն այն էր, որ անհրաժեշտ է ԱԱԾ տնօրենի գրավոր կամ բանավոր թույլտվությունը։ «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարին պատասխանած աշխատակիցը պնդեց, որ մնացյալ հարցերն ուղղենք աշխատանքային որեւէ օր, քանի որ այդ օրը կիրակի է, եւ, ըստ ծառայողի մեկնաբանության, աշխատում է միայն «Թեժ գիծը»։

Նույն իրադրությունը վերաբերում էր նաեւ Որոտան համայնքին, ուղղակի այստեղ սահմանափակման մասին մեզ տեղեկացրեց համայնքապետը։

Եւ քանզի որեւէ այլ պատասխանատուի հետ կապ հաստատել չհաջողվեց, փետրվարի 9-ին գրավոր հարցում ուղարկեցինք Ազգային անվտանգության ծառայություն՝ ի թիվս այլնի ճշտելու՝ ինչ իրավական ակտով է կարգավորվում Սյունիքի Որոտան եւ Շուռնուխ համայնքներում լուսաբանման եւ քաղաքացիների խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը։ 

Մինչ կստանայինք հարցման պատասխանը՝ հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղեկացնելով, որ «ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»:

Հաջորդ օրը ԱԱԾ-ն ստիպված եղավ պարզաբանում տարածել իր նախորդ հաղորդագրության վերաբերյալ՝ վստահեցնելով, որ այն չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ԱԱԾ-ից թույլտվություն հայցելու նպատակ, ուստի հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ: Ծառայության պնդմամբ՝ իրենց իրազեկման նպատակն ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով և նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է:

Փետրվարի 16-ին Infocom-ն ի վերջո ստացավ գրավոր հարցման պաշտոնական արձագանքը։ Ի պատասխան մեր հարցերի՝ Որոտան եւ Շուռնուխ ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակում կամ արգելք, լուսաբանման արգելք, տեղի բնակիչների խոսքի ազատության սահմանափակում կա՞, թե՞ ոչ, եւ եթե կա, ապա ի՞նչ իրավական ակտի հիմքով, ԱԱԾ-ից հղում են արել նախորդիվ տարածած իրենց հաղորդագրություններին, որոնք, փաստացի, հրապարակվել էին մեր հարցումից հետո միայն․

«ՀՀ քաղաքացիների մուտքի, տեղի բնակիչների խոսքի ազատության սահմանափակում առկա չէ, իսկ լուսաբանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը տարածել են իրազեկում եւ վերջինիս կապակցությամբ համապատսախան պարզաբանում»,- ասված է ԱԱԾ-ի պատասխանում։

Ծառայությունից հետաքրքրվել էինք նաեւ՝ հիշյալ երկու համայնքների՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածներ Ադրբեջանի քաղաքացիների մուտքի սահմանափակում կամ արգելք կա՞, թե՞ ոչ, եւ եթե կա կամ չկա, ապա ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում նրանց տեղաշարժը։ Ըստ ԱԱԾ-ի պատասխանի՝ նշված բնակավայրերի տարածքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հսկողության տակ գտնվող ճանապարհահատված մուտք են գործում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողները՝ իրենց մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում տեղաշարժվելու նպատակով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման գործընթացի շրջանակներում այդ մասին տեղեկացնելով ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին։

Ի հակասություն ԱԱ ծառայության այս մեկնաբանության՝ «Ազատություն» ռադիոկայանի՝ փետրվարի 4-ին հրապարակված ռեպորտաժում Շուռնուխի բնակիչներից մեկը պատմում է, որ ադրբեջանցիներն այցելել են իրենց տուն՝ ասելով՝ խաղաղությամբ են եկել, իրենք էլ զարմացած հրավիրել են ներս ու հյուրասիրել։ Այսինքն, ինչպես ակնհայտ է գյուղի բնակիչների մեկնաբանությունից, ադրբեջանցիները ոչ միայն իրենց մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում տեղաշարժվելու նպատակով են անցնում հայկական վերահսկողության տակ եղող հատվածներով, այլ նաեւ այցելում են բնակիչներին։ Տեսանյութից, ամեն դեպքում, պարզ չէ՝ տուն եկած ադրբեջանցիները ծառայողնե՞ր են եղել, թե՞ սովորական բնակիչներ։

Այդուհանդերձ, լուսաբանման թույլտվություն տալու ընթացակարգն ու հիմքերը հասկանալու համար ս․թ․ մարտի 2-ին էլեկտրոնային տարբերակով դիմում ուղարկեցինք ԱԱԾ՝ Սյունիքի մարզի Որոտան եւ Շուռնուխ համայնքներում մարտի 6-ին եւ 7-ին տեսալուսանկարահանում, բնակիչների հետ հարցազրույցներ իրականացնելու թույլտվություն ստանալու խնդրանքով։

Երկու օր անց՝ մարտի 4-ին, զանգահարեցինք ԱԱԾ մամուլի բաժին, որտեղից տեղեկացրին, որ մեր դիմումի վերաբերյալ առարկություն չունեն, եւ որ կարող ենք կապ հաստատել ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցչի հետ, որը կկարգավորի մնացյալ հարցերը։ Մամուլի պատասխանատու պարոն Արթուր Գեւորգյանը շեշտեց, որ այսպիսով նրանք ոչ թե խոչընդոտում են լրագրողների աշխատանքին, այլ աջակցում։ 

Մարտի 5-ին ճշտող հարցում ուղարկեցինք՝ հասկանալու՝ ի՞նչ ընթացակարգով է քննարկվել մեր դիմումը եւ իրավական ինչ հիմքով է թույլատրվել տեսալուսանկարահանում եւ բնակիչների հետ հարցազրույցներ իրականացնել հիշյալ համայնքներում։ Ի պատասխան՝ մարտի 10-ին ստացել ենք պարզաբանում, որ դիմումը քննարկվել է դիմումների քննարկման ընթացակարգերը սահմանող օրենսդրական պահանջներին համապատասխան։ Իսկ ինչ վերաբերում է իրավական հիմքին, ԱԱԾ-ն հղում է արել փետրվարի 11-ին տարածած իր պարզաբանմանը, որտեղ նշված է՝ Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելուն վերաբերող իրազեկումը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ԱԱԾ-ից թույլտվություն հայցելու նպատակ և այդ տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ:

Այսպիսով, ԱԱԾ-ն միայն մեր գրավոր հարցումից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածեց Սյունիքի՝ արդեն սահմանամերձ բնակավայրերում լուսաբանման սահմանափակումների մասին, իսկ թե մինչ այդ Որոտան ու Շուռնուխ գնացող լրագրողներն ինչպես պետք է տեղեկանային ԱԱԾ տնօրենի թույլտվությունը ստանալու պահանջի մասին՝ անհասկանալի է։ ԱԱԾ-ի՝ մեր գրավոր հարցմանն ուղարկած պատասխանից այդպես էլ չերեւաց՝ ի՞նչ իրավական հիմքով է սահմանափակվում տեղի բնակիչների խոսքի ազատության իրավունքը, ապա թե ինչ իրավական հիմքով է թույլատրվում նկարահանում ու հարցազրույց իրականացնելը։ Բացի դրանից՝ ԱԱԾ-ի մեկնաբանությունը, թե ադրբեջանցիները հայկական վերահսկողության տակ եղող հատվածներով անցնում են իրենց մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում տեղաշարժվելու նպատակով, հակասում է Շուռնուխի բնակչի խոսքերին, ըստ որոնց՝ ադրբեջանցիներն այցելել են իրենց տուն։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել