Ինչու է սոցփաթեթներից «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին փոխանցված գումարը վերադարձվում քաղաքացիներին
13:52 - 24 փետրվարի, 2021

Ինչու է սոցփաթեթներից «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին փոխանցված գումարը վերադարձվում քաղաքացիներին

Լրագրող, մանկավարժ Ժաննա Սարգսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոկտեմբերին՝ պատերազմի թեժ օրերին, «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին փոխանցված իր սոցփաթեթի ողջ գումարը հետ է ուղարկվել իր բանկային հաշվին։ Սարգսյանը նշել էր, որ վերադարձվել են այդ հիմնադրամին սոցփաթեթից փոխանցված բոլոր նվիրատվությունները։ 

Նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը։ 

Ըստ օրենքի՝ սոցփաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի հաշիվներին կուտակված միջոցներն ուղղել «Համահայկական հիմնադրամին»՝ այդպիսով մասնակցելով Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետեւանքով պետության կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքին:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նախագծի՝ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նշել էր, որ սոցփաթեթների շահառուները կարող են իրենց գումարը փոխանցել նաեւ այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովող ծրագրերի իրականացմանը: 

Բացի դրանից՝ կառավարությունը մշակել է համապատասխան որոշման նախագիծը, որում հստակեցվել է փոխանցման կարգը։ Դրա համաձայն՝ շահառուները իրենց սոցփաթեթի հաշիվներին կուտակված միջոցները կարող են ուղղել Համահայկական հիմնադրամին՝ իրենց սոցփթաթեթի հաշիվը սպասարկող բանկ ներկայացնելով վճարման հանձնարարագիր։

Օրենքն ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 7-ը։ 

Ժաննա Սարգսյանն Infocom-ի հետ զրույցում նշեց, որ հիմադրամից որեւէ պատասխան չի ստացել։ Վերջինս շեշտեց, որ հավանական է նաեւ՝ գումարը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նույնիսկ հասած էլ չլինի։

«Պատերազմի սկզբին, երբ բոլորը իրենց ունեցած, հավաքած ամբողջ գումարը փոխանցում էին հիմնադրամներին, տեսա, որ սոցփաթեթներից նույնպես ուղարկում են, ես էլ գնացի բանկ եւ ուղարկեցի իմ գումարը։ Ինձ ասացին, որ կարող եմ երկու հիմնադրամին էլ ուղարկել, ես ընտրեցի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, որպեսզի անմիջապես զինվորի կարիքին ծառայելու գնա, ավելի շուտ հասնի նպատակին, քան Համահայկականի միջոցով կլիներ։ Ինչպես տեսնում ենք՝ այդպես էլ եղավ։ Անցավ երկու ամիս, ինձ բանկից զանգ եկավ, ասացին՝ եկեք դիմումը ստորագրեք, որովհետեւ Ձեր գումարը հետ է ուղարկվել, մնացել է օդում, կկորչի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ 

Սարգսյանին հայտնել են, որ միայն Համահայկական հիմնադրամին կարող էր ուղարակել իր սոցիալական փաթեթի գումարը։ Մեր զրուցակցի կարծիքով՝ կառավարությունը կարող էր այդ որոշմամբ ընտրել վստահելի երկու հիմնադրամները, բայց չի արվել։ Սարգսյանի պնդմամբ՝ երբ հետո նկատել են գումարային հոսքը՝ դեպի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ, այդ ժամանակ նույնպես կառավարությունը կարող էր փոփոխության ենթարկել իր որոշումն ու ավելացնել նաեւ այդ հիմնադրամը։ 

«Ստացվում է՝ օդում կախված է մնում գումարը, որը մարդիկ ուզում էին ուղարկել հիմնադրամներին։ Էլ ո՞վ պետք է փետրվար ամսին այդ գումարը նորից ուղարկի հիմնադրամին, շատ քիչ մարդ կանի նման բան։ Այսինքն՝ այս նվիրատվությունները նպատակին չծառայեցին։ Շատ բարկացնող է այս ամենը, ուղղակի կամք եւ ուշադրություն էր պետք հարցը լուծելու համար, բայց դրանք չկային»,- հավելեց Սարգսյանը։ 

Խոսելով Համահայկական հիմնադրամի շուրջ տարածվող բացասական արշավի մասին՝ Սարգսյանը նշեց, որ խնդիրը հիմնադրամի հանդեպ անվստահությունը չէ, իսկ նեգատիվ արշավը վնասում է հենց հանրության խոցելի եւ թիրախային խմբերին։ Մանկավարժի խոսքով՝ նման արշավ անելով՝ մարդիկ մտածում են, թե վնասում են իշխանությանը, այնինչ վնասվում են այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացնում է համահայկական հիմնադրամը։ 

«Սփյուռքին հիասթափեցնելը եւ հիմնադրամի հանդեպ կասկածի սերմանումը կրկին ուղղակի հարված է մեր պետական կայունությանը, որովհետեւ այդ հիմնադրամի միջոցով բազմաթիվ գործեր էին արվում»,- ասաց Սարգսյանը։ 

Եզրափակելով իր խոսքը՝ մեր զրուցակիցը հավելեց, որ այս պահին որեւէ քայլ անելն արդեն ուշ է, փոփոխությունները պետք է արվեին ավելի շուտ։ 

Հարցի վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ։ Վերջինս մեկնաբանեց, որ քննարկումների ըթնացքում որոշում կայացվեց, որ գումարը կկենտրոնցվի մեկ հիմնադրամում՝ Համահայկականում՝ հաշվի առնելով դրա գործունեության ուղղություններն ու նպատակը։ 

Հոկտեմբերի 8-ից սոցփափեթի շահառուները հնարավորություն են ունեցել գումարը փոխանցել հիմնադրամին։ Բանկերից ստացած հաշվետվությունների արդյունքում նախարարությունը նկատել է, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ սոցփաթեթի գումարները փոխանցել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Վարչության պետի խոսքով՝ հավանական է՝ մարդիկ եւ բանկերը տեղյակ չեն եղել, որ որոշումը նման հնարավորություն չի ընձեռում։ Նրա կարծիքով՝ այդ է պատճառը, որ գումարը հետ է ուղարկվել, որպեսզի մարդիկ ցանկության դեպքում կարողանան փոխանցել Համահայկական հիմնադրամին։ 

««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը չներառելու պատճառը, կարծում եմ, այն է, որ գումարը կենտրոնա մի տեղ եւ դիվերսիֆիկացիան եւ բանկերի աշխատանքը հեշտ լինի։ Այս ծրագրով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին շատ քիչ մարդ է գումար փոխանցել։ Հիմնականում փոխանցել են հենց Համահայկական հիմնադրամին»,- հավելեց Սարգսյանը։ 

Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ որոշման ընդունումից հետո դկտեմբերի 31-ի տվյալներով Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 797 միլիոն 53 հազար դրամ, փոխանցումները կատարվել են 10 բանկերի միջոցով, 14090 շահառու կատարել է այդ փոխանցումը։ 

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել