«Միջանցք» տերմինի օգտագործումը ճիշտ չէ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապին․ Հարությունյան |factor.am|
13:47 - 22 փետրվարի, 2021

«Միջանցք» տերմինի օգտագործումը ճիշտ չէ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապին․ Հարությունյան |factor.am|

factor.am: Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության հարցի մասին խոսելիս «միջանցք» տերմինի կիրառումը սխալ է։

«Նախ ուզում եմ անմիջապես նշել, որ «միջանցք» տերմինի օգտագործումը ճիշտ չէ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապին: Ըստ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ միակ միջանցքը Լաչինն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Մնացած բոլոր դեպքերում մենք կարող ենք խոսել միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին»,- հայտարարել է ՀՀ ՊՆ նախարարը։

Հարությունյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը՝ համաձայն իր վրա ստանձնած պարտավորությունների՝ կապահովի վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ այս պահին դրա վերահսկման համար բանակի ներգրավման հարցը դրված չէ, իսկ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը, համաձայն եռակողմ հայտարարության, դրված է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել