armenpress.am: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոր օրինագծով նպատակ ունի հակամրցակցային վարքագիծը, հատկապես հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարը դարձնել առավել արդյունավետ: Այս մասին ասաց ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:

-Պարոն Մարկոսյան, նախագիծն ԱԺ-ում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, նախ ո՞րն էր այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնելու նպատակը, այն պատշաճ հանրային քննարկում անցե՞լ է:

- Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքն ընդունվել է 2000 թ-ին, և 21 տարվա ընթացքում մի շարք փոփոխությունների է ենթարկվել՝ այդ ընթացքում բազմաթիվ հարցերում ցույց տալով բացեր, թերի կարգավորումներ: 2015-ի Սահմանադրական բարեփոխումներն էլ իրենց հետ բերել են որոշակի սահմանադրական պահանջներ՝ նաև օրենսդրական փոփոխության առնչությամբ: Այս ամենն իմի բերելով՝ մենք որոշեցինք նախաձեռնել գործընթացը: Հարցում ենք արել ոլորտում հայտնի գիտական հաստատություններին, բուհերին, որպեսզի հավաքագրենք ոլորտի վերաբերյալ խնդիրները: Հանձնաժողովում բավականին երկար աշխատանքից հետո նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման` e-draft-ում, ներկայացվել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ պետական կառույցներին, ոլորտի հասարակական կազմակերպություններին, ՀՀ փաստաբանների պալատին, ՄԻՊ-ին և այլ կողմերի: Այս ամենը մեզ թույլ տվեց ունենալ բազմակողմանի քննարկված նախագիծ: Հիմնավորված առաջարկները լրիվ կամ մասնակի ընդունվել և իրացվել են նախագծում:

-Եթե փորձենք ավելի մատչելի ձևով ներկայացնել, որո՞նք են նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները:

- Նախագծի հիմնական ուղղությունները երկուսն են՝ ունենալ կանխատեսելի և արդյունավետ վարչարարություն: Ներկայումս մենք վարչական վարույթ հարուցում ենք դիմումի հիման վրա, և խախտման մեջ մեղադրվող տնտեսավարողի համար պարզ չէ, թե ինչ մեղադրանք է իրեն առաջադրված դիմումի շրջանակներում: Եվ շատ դեպքերում վերջում պարզվում է, որ տնտեսավարողը ամենևին էլ խախտում չէր արել, և մենք վարչական վարույթը կարճում ենք: Ըստ նախագծով առաջարկվող կարգավորումների՝ դիմումը ինքնաբերաբար վարույթի հարուցման հիմք չէ, այլ ընդամենը առիթներից մեկն է, որ հանձնաժողովը սկսի նախնական ուսումնասիրություն: Դրա շրջանակներում, եթե կշոշափվեն առերևույթ խախտման հատկանիշներ, կսկսվի բուն վարույթը: Մենք վարույթ հարուցելու որոշման մեջ հստակ գրելու ենք այն նորմը, որի շրջանակում մեղադրանքը պետք է քննարկվի: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա դա պետք է դիտարկենք երկու ասպեկտով, առաջին՝ որքանո՞վ են առկա կարգավորումները հետապնդվող նպատակին հասնելու հնարավորություն տալիս, և երկրորդ՝ որքանո՞վ է այս գործիքակազմը խնայողական: Թե առաջին, թե երկրորդ առումներով գործող օրենսդրությունը, մեղմ ասած, չի բավարարում այդ արդյունավետության չափանիշներին: Այսպիսով, հանձնաժողովի գործունեությունն ուղղորդվել է երկու թիրախներով՝ կանխել հակամրցակցային վարքագիծը և խափանել: Այսինքն՝ մեր նպատակը ոչ թե պատժելն է, այլ՝ օրենքով թույլատրված միջոցառումների շրջանակում հասնել ազատ տնտեսական մրցակցության:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։