armenpress.am: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում. միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում խորագրով քննարկմանը:

Նախարարը նախ նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե տարածաշրջանային, թե խոշոր դերակատարների ուժերի, ազդեցությունների վերադասավորում: Սակայն դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին և մարտահրավերներին: «Այդուհանդերձ կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը: Ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է և մնում է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը: «Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը»,-ասաց Այվազյանը:

Նախարարը շեշտեց, որ հայկական կողմը հանձնառու է կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախևառաջ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալներն ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն: Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ: «Միևնույն ժամանակ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այդ ձևաչափը: Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որը առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես խաղաղ գործընթացի առաջմղումը»,-ասաց Այվազյանը: