1lurer.am: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ասուլիսում ներկայացրել է հիմնադրամի կատարած աշխատանքները: Նրա խոսքով՝ աշխատանքները տարվել են երեք հիմնական ուղղություններով:

Առաջինը՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամություն ձեռք բերած և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրված միանվագ և երկարաժամկետ փոխհատուցումներն են:

«Բայց վերջին պատերազմի արդյունքում մենք ունեցանք նաև երկու նոր ծրագիր, որոնք մենք կոչում ենք «Կամուրջ» ծրագրեր: Դրանք ուղղված են ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: Հաշվի առնելով, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողները որոշակի ժամանակ անց են զինհաշմանդամության կարգ ստանում, որոշակի ժամանակահատված կա, որ նրանք կարող են մնալ առանց ֆինանսական միջոցների և Կառավարության հետ մեկտեղ «Կամուրջ» ծրագիրը իրենց մասով իրականացրինք և իրականացնում ենք»,- նշեց Ավետիքյանը:

Ըստ Ավետիսյանի՝ ծանր վիրավորում ստացած 55 զինծառայողների վճարվում է ամսական 300- հազարական դրամ: Շուրջ 17 միլիոն դրամի փոխհատուցումն արդեն կատարված է:

6 ամսով «Կամուրջ» ծրագրի շրջանակներում ֆինանսավորում կստանան ընտանիքները, որոնք ունեն պատերազմի արդյունքում գտնվելու վայրն անհայտ զինծառայողներ: «Քանի որ անհայտ կորածը կամ անհայտ բացակայողը իրավական կարգավիճակ է, որը միայն դատարանը կարող է շնորհել, գործընթացը ենթադրում է որոշակի ժամանակի աշխատանք»,- ասաց Ավետիքյանը:

«Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին «Կամուրջ»-ի ֆինանսավորման ներքո մենք փոխանցումներ ենք կատարել 803 ընտանիքի՝ 365 միլիոն դրամի ամսական վճարումներ: Հատուցումները կկատարվեն 6 ամսով, ամսական 300 հազար դրամի չափով: Երբ զինծառայողն արդեն անհայտ կորած կամ անհայտ բացակայող կճանաչվի դատարանի որոշմամբ, և ընտանիքը կգա մեզ մոտ հիմնական ծրագրով փոխհատուցումը ստանալու, մենք կհաշվարկենք, թե որքան գումար ենք վճարել տվյալ զինծառայողի շահառուներին, փաստացի վճարվածը կնվազեցնենք միանվագ 10 միլիոն դրամից և տարբերությունը կփոխանցենք իրենց»,- նշեց հիմնադրամի տնօրենը:

Իր ստեղծման օրվանից մինչ այս պահը հիմնադրամը սպասարկել է 1825 ընտանիքի՝ նշեց Ավետիքյանը՝ հավելելով, որ մինչ այս պահը կատարվել է 14 միլիարդ դրամի փոխհատուցում:

«Վերջին պատերազմից մինչ այս պահը մենք արդեն ունենք 1111 ընտանիք, որոնց սպասարկում ենք: Նրանց տվել ենք շուրջ 12 միլիարդ դրամի հատուցում: Եվ քանի որ 20 տարվա պարտավորություն ենք ստանձնում, ամեն ամիս մենք կատարում ենք այդ հատուցումները, դրա համար էլ այս թիվը աճողական է»,- նշեց Ավետիքյանը: