Երբ տեսնենք՝ հնարավորություն չկա, ժամավաճառությամբ չենք զբաղվի․ Նիկոլ Փաշինյանը՝ գերիների վերադարձի, Ադրբեջանի՝ իր պարտավորությունները չկատարելու մասին
21:49 - 23 փետրվարի, 2021

Երբ տեսնենք՝ հնարավորություն չկա, ժամավաճառությամբ չենք զբաղվի․ Նիկոլ Փաշինյանը՝ գերիների վերադարձի, Ադրբեջանի՝ իր պարտավորությունները չկատարելու մասին

Մենք այսօր ունենք և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներ, և իմ գնահատմամբ՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերները կապվում են անվտանգային իրավիճակի հետ։ Այս մասին 1in.am-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝  դա է պատճառը, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո ինքը որպես առաջնային խնդիր ձևակերպել է Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելու օրակարգը։

«Չենք կարող ասել, որ այդ խնդիրը հարյուր տոկոսով լուծված է, բայց կարծես թե մենք վստահ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ մենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա արտաքին անվտանգության նույն համակարգում ենք՝ ՀԱՊԿ-ում։

«Պետք է արձանագրել, որ մենք նախկինում որոշակի առնվազն հանրային մակարդակում թյուրըմբռնում ենք ունեցել ՀԱՊԿ-ի՝ մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ։ Օրինակ՝ շատերն ասում են, թե ինչու ՀԱՊԿ-ը չի միջամտել ռազմական առումով ղարաբաղյան պատերազմին։ Պատասխանը պարզ է․ որովհետև ՀԱՊԿ պարտավորությունները ձևակերպված են Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս, դրանից դուրս նման պարտավություններ ձևակերպված չեն։ Իհարկե, Հայաստանի սահմաններից ներս էլ մենք ունեցել ենք անվտանգային մարտահրավերներ, և ՀԱՊԿ-ի մեխանիզմներն այդտեղ որոշակի դերակատարում ունեցել են»,- ասաց Փաշինյանը։

Անդրաառնալով ընդհանուր տարածաշրջանային անվտանգային համակարգին՝ վարչապետը նշեց, որ պետք է ձեռնամուխ լինել բանակի կառուցվածքային, բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես՝ սպառազինությունների մասով և ընդհանրապես ռազմավարական բովանդակության մասով։

«Բացի դրանից՝ մենք պետք է գնահատենք այն իրադրությունը, որ ունենք տարածաշրջանում, և գնահատենք այն դերը և նշանակությունը, որ ունենք տարածաշրջանում, գնահատենք այն հարաբերությունները, որ ունենք տարածաշրջանում, և տարածաշրջանում ու տարածաշրջանի հետ մեր ռազմավարական երկարաժամկետ օրակարգը պետք ճշգրտենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի համոզմամբ՝ մենք Սյունիքում անլուծելի խնդիր չունենք, ինչը չի նշանակում, որ չունենք խնդիրներ։

«Կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է։ Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ, բայց ես համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ որ մենք մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում, և մեր խնդիրն է այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով թեմային, թե ով է ամենաշատը շահում ապաշրջափակումից՝ Փաշինյանն ասաց, որ տարածաշրջանում բոլորն են շահագրգիռ՝ և՛ ՌԴ-ն, և, Վրաստանը, և՛ Իրանը, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ ՀՀ-ն։ Այլ բան է, նրա խոսքով, որ յուրաքանչյուրի շահագրգռություն ունի ընդհանրություններ և տարբերություններ ուրիշների շահագրգռությունների հետ։

«Այստեղ է, որ պետք է հետևողական քննարկումների արդյունքում կարողանանք հանգել պատկերացումների տարբերությունների մեղմացման և ընդհանրությունների ընդգծման։ Հունվարի 11-ի հայտարարությունից հետո էականորեն ակտիվացել են աբխազական երկաթուղու վերաբացման քննարկումները, ինչը շատ դրական է, ակտիվացել են Պարսից ծոցը Սև ծովին կապելու երկաթուղային գծի շուրջ քննարկումները։ Այս շահագրգռությունները առավել հետաքրքիր են դարձնում թեման, ինչը ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ։ Բայց արձանագրենք, որ այդտեղ չկան շատ կարևոր հնարավորություններ, որոնց նկատմամբ ճիշտ դիրքավորվելը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար»,- նշեց վարչապետը։

Հարցին, թե արդյո՞ք գերիների խնդրում կա նախապայման՝ դրված Հայաստանի առջև, վարչապետը պատասխանեց, որ Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա։

«Սա տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն։ Նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններն են արվում, որոնք տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, պահվող այլ անձանց։ Դա եռակողմ հայտարարություն է, և դրանով ձևակերպված պարտավորությունները կիսում են դրա տակ ստորագրած բոլոր երեք կողմերը, և մենք ինտենսիվ աշխատում ենք, որ հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև մեկնաբանեց այն, որ հայկական կողմը շարունակում է կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններ, չնայած որ թշնամին չի կատարում դրանք։

«Նախ ես կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անել, որ պրոցեսները չմտնեն փակուղի, և մենք շարունակում ենք այնքան ժամանակ աշխատել թեմայի վրա, և օրակարգի շուրջ շարունակում ենք այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որ խնդիրը լուծենք, որ ունենանք կոնկրետ արդյունքներ։ Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե ժամավաճառությամբ չենք զբաղվի։ Կա իրական հնարավորություն, այդ խոսակցությունը գնում է թեմայի շուրջ, մշտական կապի մեջ ենք ՌԴ նախագահի հետ, այդ թեմայի շուրջ ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում, և իհարկե կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն։ Այլ բան է, թե ինչ ժամկետներում։ Հասկանալի՝ էդտեղ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է, առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար, բայց ես վստահեցնում եմ, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ ես, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ մինչ այս պահը 69 գերի է վերադարձվել, և պիտի շարունակեն աշխատել այնքան, մինչև բոլորը վերադարձվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել