ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 24-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:

Մելքումյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նա ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը, կարևորել է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրականացումը՝ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Դեսպան Ֆան Յոնգը կարևորել է եռակողմ հայտարարության ստորագրումը և հույս հայտնել, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով:

Հանձնաժողովի նախագահը խոսել է մի շարք ոլորտներում հայ-չինական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին: Նշվել է, որ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին, Չինաստանի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է. 2020 թվականի ընթացքում այն կազմել է շուրջ 1 մլրդ դոլար:

Անդրադառնալով խորհրդարանների միջև համագործակցությանը՝ զրուցակիցները համակարծիք էին, որ համավարակի ավարտից հետո անհրաժեշտ է ակտիվացնել շփումները համանուն հանձնաժողովների և բարեկամական խմբերի միջև: