Դավիթ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ |hetq.am|
16:09 - 24 փետրվարի, 2021

Դավիթ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, հրապարակեց որոշում, որով մերժեց պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանավորման դեմ նրա պաշտպանների բողոքը։ Այս մասին ասաց Գալստյանի պաշտպաններից Արմեն Հարությունյանը։ Գալստյանը կշարունակի գտնվել կալանքի տակ:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) փետրվարի 1-ին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ,  ընկերության անունից Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, զինված ուժերի գլխավո շտաբի կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523 մլն 89 հազար ՀՀ դրամին համարժեք, 1 մլն 83 հազար ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության,  էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։ Հաղորդագրության մեջ նշված Ա․Բ․-ն Արմեն Բաղդասարյանն է։ Վերջինս և Դավիթ Գալստյանը կալանավորվել են փետրվարի 2-ին, և նրանց պաշտպանները բողոքարկել են կալանավորման որոշումները։ Արմեն Բաղդասարյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին, նրա խափանման միջոցի գործով դեռևս որոշում չի կայացվել։

Արմեն Բաղդասարյանը և Դավիթ Գալստյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել