Բանակը պիտի ենթարկվի միայն ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության հրապարակում

Cover


Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով ԶՈՒ ԳՇ հայտարարությանը։ Նախքան ելույթը մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված հերոսների հիշատակը։

«Նախ որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, ՀՀ վարչապետ իմ հրամանը՝ ԶՈՒ բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, սպաներին․

Պարոնա՛յք, զբաղվում եք ձեր գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պայպանմամբ․ սա իմ հրամանն է և որևէ մեկը չի կարող դրժել այդ հրամանը։

Հաջորդը․ ինչ է տեղի ունեցել այսօր․ այո, մեր բանակին, մեր ԶՈՒ-ին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահամանադրական պրոցեսի մեջ, և այսօր ես հստակ գնահատել եմ, որ ԳՇ-ի նախաձեռնած հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է,  և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում ՀՀ-ում։ Բայց ես ուզում եմ նաև ասել, որ մեր բանակը մեր բանակն է, մեր սիրելի, մեր կողմից պաշտելի, ես համոզված եմ, որ շատ գեներալներ և բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունը ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո։ Բայց ես ուզում եմ էլի ասել․ իրենց իմ ասելիքը մեկն է․ պարոնա՛յք, զբաղվում եք ձեր գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պայպանմամբ։ Դուք պիտի իրականացնեք ձեր գործը, բանակը չի կարող ետ նայել, թիկունքին նայել, չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ, բանակը պիտի ենթարկվի միայն ու միայն ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը։ Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, պետության, ընդդեմ օրինականության, ընդդեմ Հայաստանի անվտանգության։ 

Եվ ես պահանջում եմ, որ նույնիսկ այն բարձրաստիճան սպաները, որ լքել են իրենց ծառայության վայրերը, չեմ ուզում հավատալ դրան, հենց հիմա վերադարձեք և ապահովեք մեր երկրի անվտանգությունը․ սա է մեր հստակ պահանջը»,- նշեց վարչապետը և ներկայացրեց 2018-ից հետո կառավարության արած գործերը՝ կապված ԶՈՒ-ի և բանակի հետ։

«Մեր բանակում, ցավոք սրտի, այն իշխանությունը, որ երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, դեռևս ունի կամակատարներ ՀՀ ԶՈՒ-ում, և այդ կամակատարները պետք է հեռանան անմիջապես։ Ինչ է տեղի ունեցել․ նրանք հրապարակներում ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ։ Բա ինչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում, նրանք ձեզ են փաստացի ուզում մեղադրել դավաճանության մեջ։ Ասեմ՝ որն է դավաճանությունը։

17 կուսակցություն կոչված ֆորմատի, այսպես կոչված վարչապետի թեկնածուն, ասում է՝ ես դեռ հոկտեմբերին զանգում էի բանակին, ասում էի՝ իշխանությունը վերցրեք․ նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի, այլ սեփական ժողովդրի դեմ։ Սա է տեղի ունեցել։ Հայաստանում ժողովրդի իշխանությունը չի կարող դրվել կասկածի տակ ոչ մի րոպե։

Ինչու է այսօր ժողովուրդն այստեղ կանգնած, որովհետև գիտի, թե ովքեր են բանակի և զինվորի հաշվին հարստացածները, էդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը, էդ ո՞ւմ մասին են խոսում, ո՞ւմ են մեղադրում դավաճանության մեջ։ Զինվորի հացը գողացողը եկել է զինվրին հաց տվողին, հագուստ տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում։ Բայց սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որևէ պարտավորություն դնել ուրիշի վրա։ Նրաքն երկու տարի է մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր առաջ մերժվածը հրապարակայնորեն ասում է, որպես հպարտության նշան, որ ինքը համաձայնել էր 7 շրջանները հանձնել Ադրբեջանիմ։ Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն կամ բանակցությունները տարել էիք այնտեղ, որ ընդունել եք այդ պայմանները և համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ։ Բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա ստորագրի, խոստովանեիք՝ էս կետին ենք հասցրել, որ պետք է ամեն ինչ հանձնեիք, մեզ էլ ասեիք՝ գնացեք էդ թուղթը ստորագրեք։ 

Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք պաշտպանել մեր երկիրը, մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը և մենք հենվել ենք մեր բանակի վրա, հավատացել ենք մեր բանակին, և այսօր էլ հավատում ենք։ Եվ թույլ չի տա սպայական կազմը, զինվորները, զինվորների ծնողները, ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ։ Իրավիճակի հանգուցալուծման մասին մենք մտածել ենք։

Ի վերջո մենք բոլոր ետպատերազմական սթրեսի մեջ ենք, և ժողովուրդը հոգնել է այս շարունակական անկայունություններից։ Երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի։ Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն ԱԱԾ-ի, Ոստիկանության և ժողովրդի կողմից։

Ուզում եմ անկեղծ ասել․ պատերազմից հետո ես չե՞մ մտածել, որ պետք է հրաժարական տամ։ Մտածել եմ, շատ եմ մտածել։ Բայց ասել եմ մի բան․ ես ինքնակամ չէ, որ դարձել եմ ՀՀ վարչապետ, ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ, և ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի։ Եվ մենք որոշեցինք, որ պետք է անցկացնենք խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Բայց 17 ուժերը և խորհրդարանական ուժերը մերժեցին մեր այդ առաջարկը, ասելով, որ ժողովուրդը չպետք է որոշի, պետք է 17 կուսակցությունները և էլիտայի ներկայացուցիչները հավաքվեն և որոշեն՝ ով պետք է լինի վարչապետ, մենք ասացինք, որ դա թույլ չենք տալու։

Մենք կարող էինք որոշել միանձնյա և գնալ ընտրություններ անելու, բայց էդ քաղաքական ուժերը ասում են՝ էս ինչ լավ ա՝ ընտրություններ ենք անում, 2000 ընտրական տեղամաս, էնտեղ էսպես ասած դեբոշներ կանենք, առիթից կօգտվենք։ 

Ով վեր է կենում, հրաժարական է պահանջում, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդը ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի։

Երբ հրապարակում հեղափոխություն ենք արել, ասել ենք, որ պետք է լինի սիրո և համերաշխության հեղափոխություն։ Եվ մենք բոլորին ասել ենք, որ բոլորը պեքտ է շանս ունենան, ոչ մեկի նկատմամբ վենդետա չենք արել, բայց ով ոնց կարողացել է, մեզ թիկունքից խփել է․ դատավորները, պետական պաշտոնյաները։ Եվ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորիս պարտությունը և ամսի 9-ին մտնեն այդ շենք և ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը։ 

Մենք երազել ենք և ամեն ինչ արել ենք հաղթանակի համար, նրանք՝ պարտության, որովհետև նրանք մտքում արդեն պարտվել էին, թղթի վրա արդեն պարտվել էին, դրա համար էլ մտնում էին զինվորների մեջ, ասում էին՝ հողերը ծախած ա, ինչու եք կռվում, փախեք, գլուխներդ ազատեք, և փախնողները եկան հրապարակ, գրոհեցին կառավարության շենքը։

Բայց իմ առաջարկը ուժի մեջ է։ Խորհրդարանական ուժերին եմ ասում, բոլոր ուժերին եմ ասում՝ եկեք կոնսուլտացիաներ սկսենք էդ թեմայով։

ԶՈՒ հետ կապված այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի։ Ես այսօր հանրապետության նախագահի հետ խոսել եմ և ասել եմ, որ իմ կարծիքով՝ ինքը ներկայացրած միջնորդությունը պետք է ստորագրի։ Եթե հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ միանում է պետական հեղաշրջման՞ը, շատ պարզ ընտրություն է։ Երկրորդ ընտրությունը հետևյալն է․ Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ ԶՈՒ ԳՇ պետ, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում էդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել։ Օնիկ Գասպարյանը թող ուղղակի դիմում գրի, հեռանա։ 

ԶՈՒ-ն, նաև այն մարդիկ, որ ստորագրել են հայտարարությունը զբաղվում ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ, Օնիկ Գասպարյանը հեռանում է, որովհետև ինքը չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ։

Մենք ՀՀ-ում թշնամի, հակառակորդ չունենք։ Ոմանք ուզում են բախում հրահրել․ չի լինելու ոչ մի բախում։ Ես այն հրապարակում հավաքված ժողովրդի ցավը տանեմ, ձեր ցավն էլ տանեմ։ ՀՀ-ն ժողովրդական երկիրն է, և ժողովրդի կամքը պետք է կատարվի։ Իշխանության փոփոխություն պետք է տեղի ունենա միայն ընտրությամբ, արտահերթ, թե հերթական իրար հետ կորոշենք»։

Նիկոլ Փաշինյանը ամփոփելով դարձյալ կրկնեց ԶՈՒ-ին ուղղված իր հրամանը, այն, որ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, ինչպես նաև դիմեց քաղաքական ուժերին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Նա դիմեց հրապարակում հավաքված ժողովրդին, թե արդյո՞ք նրանց անունից կարող է ընտրություններ անցկացնելու առաջարկ անել, ինչից քաղաքացիները բացասական արձագանքեցին։ 

«Էդպես չի լինի․ շարունակ հանրահավաք անեք, մենք էլ կանենք հանրահավաք, քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, կձերբակալենք ուղղակի օրենքով։ Ուրեմն՝ ընտրությունների թեման ձեր կոչով հանում ենք, և ես ակնկալում եմ, որ կա՛մ ՀՀ նախագահը ստորագրի ԳՇ պետին ազատելու հրամանագիրը, կա՛մ Օնիկ Գասպարյանը հայտարարի իր հրաժարականի մասին, բանակը գնա իր գործերով, և քաղաքական ուժերի հետ ես կոնսուլտացիաներ սկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում։ Եվ հետևաբար մեր կամքը, մկիասնությունը, վճռականությունը, մեր ժողովրդի իշխանությունը կոռումպացված ռեժիմին չենք զիջելու, թավիշին վերջ է տրվելու։ Գիտեի, որ ամենաշատը դա եք ուզում լսել։ Դա նշանակում է օրինականության միարժեք հաստատում։ Ժողովուրդը հավաքվել է, որովհետև գիտի, որ այս պարտության պատճառը երկար տարիներ ՀՀ-ն, ԶՈՒ-ն և ժողովրդին թալանածներն են։ Այսօր իրենք էլ գիտեն, որ դա է ժողովրդի հիմնական պահանջը։ Ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, գող, մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի կոպեկը չենք գողանա, ժողովրդի և հայրենիքի ունեցվածքը չենք գողանա, որովհետև դրանով խաչ կքաշենք մեր գոյության իմաստի վրա․ ուրեմն՝ վերջ թավիշին»,- եզրափակեց իր ելույթը Փաշինյանը՝ հավելելով, որ երթ կիրականացնեն Տիգրան Մեծ պողոտայով։

Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։