Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն եզակի գործիչը, որ, հանձնելով հայրենիք, շարունակի պաշտոնավարել․ Նաիրա Զոհրաբյան
20:52 - 25 փետրվարի, 2021

Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն եզակի գործիչը, որ, հանձնելով հայրենիք, շարունակի պաշտոնավարել․ Նաիրա Զոհրաբյան

Ամեն օր լինելու են անհնազանդության ակցիաներ, ինչպես արդեն հայտարարվեց, վրաններ կտեղադրվեն Ազատության հրապարակում, մենք մնալու ենք, մենք գիշերելու ենք այստեղ։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի, նա չի կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն եզակի գործիչը, որ, հանձնելով հայրենիք, շարունակի պաշտոնավարել։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ Infocom-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ են անելու, եթե վարչապետ Փաշինյանը հրաժարական չտա։

«Նիկոլ Փաշինյանը դեռևս շանս ունի հեռանալու քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհով։ Վաղն այդ տարբերակն իր համար կարող է այլևս չլինել։ Եվ վաղը, կարող է, մենք՝ քաղաքական ուժերս, որ կողմ ենք բացառապես, միայն քաղաքական ճանապարհին, չկարողանանք կանգնեցնել ու կասեցնել ժողովրդին»,- հայտարարեց Զոհրաբյանը։ 

ԲՀԿ-ական պատագամավորի խոսքերով՝ Գլխավոր շտաբի պետը, շտաբի պետի առաջին տեղակալը հայրենասեր մարդիկ են և իրենց հայտարարությամբ հստակ ասացին, որ չեն պատրաստվում գործիք դառնալ պետությունից, պատերազմից, ռազմական գործից, հայրենիքից, հայրենասիրությունից ոչինչ չկասկացող մարդու ձեռքին։ «Եվ ես կոչ եմ անում Գլխավոր շտաբի օրինակին միանալ ոստիկանությանը, ԱԱԾ-ին, պաշտպանության նախարարությանը, բոլոր ուժային կառույցներին, և երբևէ չփորձել, ենթարկվելով Նիկոլ Փաշինյանի հրահանգներին, ժողովրդին հանել ժողովրդի դեմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ ժողովուրդն Ազատության հրապարակում է և Փաշինյանին ասում է՝ դու վարչապետ չես, դու կապիտուլյանտ ես, դու հողատու ես, դու հայրենիք հանձնող ես և դու պիտի գնաս։ «Եթե Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդ ասելով, հասկանում է էն մարդկանց, որոնք բերվում են հրապարակ՝ իրեն սատարելու, որոնց դեմ ես ոչինչ չունեմ, նրանցից շատերն իսկապես ազնիվ մոլորյալներ են, և ես հույս ունեմ, որ իրենք ևս կհասկանան՝ սատարելով Նիկոլ Փաշինյանին՝ սատարում են Արցախը հանձնողին, 5000 և ավելի զոհերի սպանության մեջ մեղավորին, և կմիանան այստեղ հավաքված ժողովրդին, որոնք հավաքվել են հանուն Հայաստանի, հանուն Արցախի»,- ասաց Զոհրաբյանը։ 

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է բախումներ հրահրելու համար, իրենք էլ ամեն ինչ անելու են բախումներ թույլ չտալու համար։

Նաիրա Զոհրաբյանը նաև չբացառեց, որ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ աշխատանքից ազատումը կարող է կապված լինել Գլխավոր շտաբի հայտարարության հետ։ «Ես չեմ բացառում, քանի որ Տիրան Խաչատրյանն ազգային հերոս է և հստակ գնահատական տվեց Նիկոլ Փաշինյանի՝ Իսկանդերի հետ կապված անհեթեթ հայտարարությանը։ Փաշինյանն արդեն կործանել է Արցախը, և մենք թույլ չենք տալու, որ կործանի նաև Հայաստանը»,- ասաց նա։

Սեդա Առաքելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել