Եթե քաղաքական իշխանությունը դավաճանում է ժողովրդին ու հայրենիքին, և՛ ժողովուրդը, և՛ բանակը պետք է միջամտեն․ Ժիրայր Սեֆիլյան

Cover


Կարծում եմ՝ քայլը բավական ուշացել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք վտանգավոր չէ այս պայմաններում Գլխավոր շտաբի հայտարարությունը։

«Եվ եթե բանակի ղեկավարությունը այս անհրաժեշտ քայլը չաներ, վստահ եմ, որ դոփելու էինք տեղում, իսկ այժմ մեր ժողովրդի առաջ, քաղաքական ուժերի առաջ հնարավորություն կա արագ ժամկետում դեպի լուծում քայլեր ձեռնարկելու, բնականաբար այդ լուծումը պիտի լինի առանց Փաշինյանի»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանում ազատության շունչ կա։

«Ընդամենը մեկուկես օր առաջ փողոցներում մարդկանց ծեծում էին․ ահավասիկ ո՞ւր են այդ ծեծողները։ Ոչ ոք Նիկոլ Փաշինյանից չէր սպասում, որ նա բռնատեր կդառնա, բայց, խնդրեմ, բոլորի առաջ նա դարձել է բռնատեր, սակայն բոլոր բռնատերներն էլ զսպվելու են։ Շնորհիվ մեր բանակի՝ այսօր գործող բռնապետը զսպված է, և նա շուտ պետք է կողմնորոշվի, եթե ոչ, ավելի դաժան կլինի իր ապագան»,- ընդգծեց Սեֆիլյանը։

Նա ասաց, որ ճիշտ պիտի լիներ, որ Փաշինյանը շուտ կողմորոշվեր և իր վստահելիին փոխանցեր կառավարման ղեկը։

«Հետո մեր բանակի և գործող նախագահի տանդեմով, միաժամանակ խորհրդակցելով քաղաքական շրջանակների հետ, շուտ լուծումը գտնվեր»,- ասաց Սեֆիլյանը՝ հավելելով, որ իրենք ունեն լուծման իրենց առաջարկները, սակայն ժողովուրդը պիտի հասկանա, որ նույնիսկ եթե իրենք լավագույն լուծումը գտնեն, ինքը պետք է ակտիվանա։

Անդրադառնալով այն պնդմանը, թե ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ դա քաղաքագիտորեն տգետ գնահատական է։

«Նրանք ընդամենը հայտարարությամբ են հանդես եկել, ոչ մի շարժ չեն կատարել, իրենց անհնազանդությունն են հայտնել մի մարդու, որը պատրաստ է ծախել ամբողջ երկիրը, ամբողջ հայրենիքը»,- հավելեց Սեֆիլյանը։

Նրա խոսքով՝ երեկվանից երկիրը մտել է մի նոր հանգրվան, որը տանելու է դեպի երազած պետության ստեղծումը։

«Եթե քաղաքական իշխանությունը դավաճանում է ժողովրդին ու հայրենիքին, և՛ ժողովուրդը, և՛ բանակը պետք է միջամտեն»,- ընդգծեց նա։ 

Հիշեցնենք, որ այսօր «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնությունը հանրահավաք էր կազմակերպել Մատենադարանի դիմաց։ Նրանք կոչ էին անում քաղաքացիներին դուրս գալ փողոց և իրենց հետ միասին պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։