Տրանսպորտային ապաշրջափակման արդյունքում մենք երկաթուղային կապ կունենանք, թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ. փոխնախարար
 |armtimes.com|
20:07 - 26 փետրվարի, 2021

Տրանսպորտային ապաշրջափակման արդյունքում մենք երկաթուղային կապ կունենանք, թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ. փոխնախարար |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ձեւավորված աշխատանքային խումբը մինչեւ 2021 թ. մարտի 1-ը պետք է ամենաբարձր մակարդակով հաստատման ներկայացնի ապաշրջափակման համար իրականացվելիք միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը:

2021 թ. հունվարի 11-ին ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված համատեղ հայտարարությունից հետո 3 երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորվեց եռակողմ աշխատանքային խումբ: Այն իր հերթին ստեղծել է փորձագիտական ենթախմբեր: Հայկական կողմում այդ նպատակով ստեղծվել են 2 փորձագիտական ենթախմբեր, որոնցից մեկը՝ երկաթուղային, ավտոտրանսպորտային եւ համակցված փոխադրումների հարցերով, ղեկավարում է Արմեն Սիմոնյանը: Փոխնախարարի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Սիմոնյան, եռակողմ աշխատանքային խումբը արդեն շուրջ 20 օր է՝ ձեւավորվել է: Ի՞նչ աշխատանքներ է իրականացվել այս ընթացքում տրանսպորտային ապաշրջափակման հարցով:

- Եռակողմ աշխատանքային փորձագիտական ենթախումբը ստեղծվել է, որ ի մի բերվեն գոյություն ունեցող բոլոր ուղղությունները, թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային ճանապարհների առումով: Ներկայացվի դրանց տեխնիկական վիճակը, հնարավոր վերականգնման ժամկետները եւ ֆինանսական միջոցները, որոնք անհրաժեշտ են այդ վերականգնումն իրականացնելու համար: Այսինքն՝ այդ փորձագիտական խմբերի աշխատանքը զուտ տեխնիկական է: Մենք պետք է ներկայացնենք համապատասխան տեղեկատվությունը աշխատանքային խմբի համանախագահներին՝ փոխվարչապետներին եւ այդ մակարդակով արդեն կընտրվեն այն ուղղությունները, որոնցով ապաշրջափակումը տեղի կունենա:

Կա նաեւ փորձագիտական 2-րդ ենթախումբ, որը զբաղվում է անվտանգային, մաքսային, ֆիտոսանիտարական եւ այլ հարցերով, որոնք անհրաժեշտ են սահմանազատումն ու փոխադրումներն իրականացնելիս: Այդ 2 ենթախմբերի փորձագիտական տեղեկատվությունն ուղարկվում է ավելի բարձր մակարդակ ու այդ մակարդակով արդեն որոշում է կայացվում, թե որոնք են ապաշրջափակման օպտիմալ ճանապարհները:

Ընդհանուր առմամբ, օնլայն ռեժիմով 2 անգամ ենք հանդիպել: Նախ քննարկել ենք երկաթուղով բոլոր գոյություն ունեցող ուղղությունները՝ Երասխի ուղղությունը, Մեղրիի հատվածով անցնող երկաթգիծը, Իջեւանից Ղազախ գնացող հատվածը եւ մեր հիմնական գիծը, որը գնում է դեպի Վրաստան: Մենք գնահատել ենք, թե այդ ուղիներն ինչ վիճակում են, գծերի վերականգնումը ինչ ժամկետներում կարող է լինել եւ ինչ ֆինանսներ են պահանջում:

Նույնը՝ նաեւ ճանապարհների առումով: Ճանապարհները շատ-շատ են, որոնք կապ ունեն Ադրբեջանի հետ: Կան մեծ ճանապարհներ, որոնք երկաթուղու գծերին զուգահեռ են գնում, օրինակ՝ Իջեւանից Ղազախ, Երասխից Մեղրի: Երբ որ կլինի հանդիպումը՝ կքննարկենք դա, կտեսնենք մյուս կողմերն ինչ աշխատանքներ են իրականացրել:

Այս փուլում չի քննարկվում, թե ինչ միջոցներով են այդ հարցերը կարգավորվելու:

- Քննարկումներն ի՞նչ մթնոլորտում են տեղի ունենում, կոնսենսուս ձեւավորվո՞ւմ է կողմերի միջեւ, թե՞ կոնֆլիկտներ կան:

- Կարող են լինել անհամաձայնություններ, որոնք իհարկե, պետք է հիմնավորվեն, բայց, ընդհանուր առմամբ, փորձագիտական մակարդակով մենք փորձում ենք լինել կառուցողական:

- Մինչեւ նախատեսված ժամկետի ավարտը՝ մարտի 1-ը վերջնական պատրաստ կլինի՞ իրականացվելիք միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը:

- Այս պահին մենք գրեթե բոլոր ուղղություններով ունենք մոտավոր հաշվարկներ եւ դա եռակողմ փորձագիտական հերթական նիստին կքննարկենք եւս մեկ անգամ: Դա երեւի թե մոտ ժամանակահատվածում տեղի կունենա: Դրանից հետո ինֆորմացիան կտեղափոխենք ավելի բարձր մակարդակ,եւ ենթադրում եմ, որ մինչեւ մարտի 1-ը հանդիպում տեղի կունենա:

- Ապաշրջափակումը Հայաստանի՞ վրա ավելի դրական կազդի, թե՞ այլ երկրների:

- Անկեղծ ասած՝ ես մտածում եմ, թե մե՛ր երկրի համար ինչպիսի ազդեցություն կունենա, այլ ոչ թե հարեւանների: Ես հետաքրքրված եմ, որ այլընտրանքային ճանապարհներ լինեն, եւ Հայաստանի տրանսպորտային կապակցվածությունը մեր գործընկեր երկրների հետ ավելի մեծ լինի: Գնահատական չկա, թե ում վրա ավելի շատ կանդրադառնա: Հայաստանը այս պահին չունի երկաթուղային կապ Իրանի եւ ՌԴ-ի հետ, այն կապը, որը կար նախկինում, Վրաստանով էր անցնում, որը հիմա չկա: Չնայած քաղաքականության մեջ եթեներով չեն խոսում, բայց եթե ապաշրջափակումը տեղի ունենա, ապա մենք այդ կապը կստանանք ու նաեւ տարանցիկ բեռնափոխադրումներ կլինեն Իրանից ՌԴ, Վրաստան:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել