tert.am: Նիկոլ Փաշինյան, կապանցիները պահանջում են ձեր հրաժարականը, կանգնեցրեք այս ծանրագույն վիճակը և թույլ տվեք կայունացնել երկիրը: Այս մասին այսօր Կապանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Կապան համայնքում առաջացած հետպատերազմյան իրավիճակը մեզ ավելի ու ավելի վճռական է դարձնում, հասկանում ենք՝ Նիկոլի և նրա կազմի հրաժարականը խիստ անհրաժեշտություն է: Պարոն Փաշինյան, ասում եք՝ բոլորը ձեր եղբայրներն են, խնդրում ենք ձեզ, պահանջում ենք, կանգնեցրեք մեր պետության գահավիժման ընթացքը, դա դուք կարող եք անել ձեր հրաժարականով »,-ասաց Գևորգ Փարսյանը:

Փարսյանը քաղաքացիներին ներկայացրեց իրավիճակը դեկտեմբեր ամսվա դրությամբ, երբ պահանջել են նահանջել և զիջել կարևորագույն սահմանագծեր, իսկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը տեղյակ չի եղել այդ որոշումներից և իրենց սատարելով՝ ասել՝ պետք է պայքարենք, կռիվ տանք և երբևէ չհանձնեք այս կարևորագույն սահմանագծերը:

«Նոյեմբերի 9-ից մտավախություն կար, որ  հնարավոր է դեկտեմբերին ինչ-որ բնագծեր զիջենք, ես խնդրեցի հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ, նոյեմբերի 23-24-ին մեր գեներալ Վալերի Քոչարյանի հետ հանդիպեցինք Գասպարյանի հետ, այնտեղ նաև ներկա էին վարչապետի հրաժարականը պահանջող ԳՇ-ի գրեթե բոլոր գեներալները: Պարոն Գասպարյանը ասեց այդ սահմանագծերի կարևորության մասին և այդ անվտանգության գոտու հատվածի մասին անգամ չպետք է քննարկումներ լինեն, եթե այդ գոտու հարցը քննարկվի, ապա այդ բնագծերի համար պայքար կմղվի և այդ անկլավը ոչ մի պարագայում չի զիջվի»,- ասաց Գևորգ Փարսյանը:

Նրա խոսքով՝ Օնիկ Գասպարյանը հորդորել է, որ տվյալ տարածքներում ԶՈՒ-ը պետք է ամրանան և շահեկան տեղ գրավեն. «Օնիկ Գասպարյանը ասաց՝ ամրանում ենք և մենք սկսեցինք ամրանալ, մեր համար շահեկան բարձրունքներ գրավեցինք, բայց 15-ին մեզ հյուր եկավ ռուս խաղաղապահներից մեկը և հարցրեց՝ երբ եք պատրաստվում այդ բնագիծը զիջել և ես մնացի շվարած, մեզ ասեցին՝ ո՞նց, տեղյա՞կ չեք»,- ասաց նա:

Գևորգ Փարսյանը նշեց, որ կապանցիներով ստիպված են եղել ճանապարհը փակել, բայց այդ մշակույթը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է վերանա: Փարսյանը հավելեց՝ շատ ցավալի է, որ քաղաքացու ձայնը լսելի դարձնելու համար պետք է ճանապարհ փակել, և կրկնակի ցավալի է, որ տվյալ ժամանակահատվածում ճանապարհ փակելու մեթոդը աշխատեց. «Այս երկրում այս իշխանությունների օրոք, եթե ուզում ես լսված լինել, պիտի ճանապարհ փակես»:

Քաղաքապետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է պաշտոնից հեռացնել մի մարդու, ով այդ ողջ ընթացքում հայրենասեր կերպով փորձել է խոչընդոտել տարածնքերի զիջմանը, և իր կազմում է պահում նախարարի, ով գրչի հարվածով կարևորագույն տարածքներ է հանձնում:

«ԳՇ պետը տեղյակ չէր՝ ինչ է կատարվում. այն մարդուն, որ հայրենասեր է, նվիրված իր գործին, ուզում են հեռացնել, իսկ նախարարին, որի համար ընդհանրապես հետաքրքիր էլ չի մեր սահմանների անվտանգությունը, գրչի մի հարվածով ստորագրում է հուշագիր, որտեղ հստակ ասվում է՝ դեկտեմբերի 18-ին պետք է Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններից դուրս բերենք մեր զորքերը»,- ասաց Գևորգ Փարսյանը: