Սիմոնյանը հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում |armenpress.am|
11:40 - 02 մարտի, 2021

Սիմոնյանը հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում։ Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Երբ հրապարակում կանգնած ժողովուրդը միասնական վանկարկում է «Նիկոլ, վարչապետ», միասնաբար լույսեր են վառում, միասնաբար մասնակցում են հանրահավաքին, խոսելը, թե «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակը կազմակերպել է իր համակիրների տեղափոխումն Ա կետից դեպի Բ կետ և դա անվանել վարչական ռեսուրսի օգտագործում, ներեցեք, անլուրջ է: Կազմակերպվել է մարդկանց տեղափոխում, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում կլինի այն դեպքում, երբ ԱԺ-ի, ՊՆ-ի կամ Ոստիկանության ավտոբուսն ուղարկենք մարզ՝ ՔՊ-ի համակիր բերելու»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակն ասաց նաև, որ ընտրությունների հարցով զրույց կլինի իշխանության և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև: 

«Ես չեմ բացառում, որ այսօր և վաղը նման զրույց կարող է տեղի ունենալ: Կարող է հանդիպում լինել, կարող է այլ ձևաչափ լինել, բայց չեմ բացառում և սպասում եմ դրան»,- ասաց Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել